«Փաշինյանը հնարավորություն ունի վեր կենալ եւ եթերով ասել՝ սիրելի ժողովուրդ, ես վախենում եմ, կամք չունեմ, ինձ ճնշում է Ալիեւը, դրա հետեւանքով ես կայացնում եմ այս-այս որոշումները։ Դա գոնե կլիներ ազնիվ։ Բայց հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնելը, ընենց խրոխտ դեմքով են հողեր հանձնում, նախանձելս գալիս է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա հավելեց, որ մարդկանց ճիշտը չեն ասում։ «Եկեք ասեք՝ Ադրբեջանը մեզ ստիպել է, որպեսզի այս գյուղերը հանձնենք։ Հետո, թե ինչ կհանձնենք, չգիտենք, որովհետեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն ամբողջական մշակված չէ, քննարկված չէ, անգամ սկզբունքները քննարկված չեն»,- ասաց նա։
Մամիջանյանն անդրադարձավ նաեւ ՔՊ-ականների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը չի նշում՝ որքա՞ն է Հայաստանի ինքնիշխան տարածքի մակերեսը։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե որեւէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ, իրենք ճանապարհ են բացում ասելու, որ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300 հազար քկմ է, բայց չեն ըմբռնում, որ ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ տարածքը 23 քկմ է»։
Կարդացեք նաև
«Մեզ նեղը գցելու ձեւ են գտել էլի, ասեք՝ ինչքա՞ն է ՀՀ տարածքը։ Հիմա ես հակառակն եմ ասում՝ ասեք, որ Ջերմուկում գրաված դիրքերից Ադրբեջանը հետ է քաշվելու։ Ասեք, որ հետո երկու ամիս հետո, եթե իհարկե, դուք իշխանություն լինեք, չգաք ասեք՝ դե դա Հայաստան չէ, եսիմ ինչ է։ Գիտե՞ք՝ ինչու չեն ասում, որովհետեւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում հետեւյալն է՝ եկեք սկսենք սահմանազատման գործընթաց, ընթացքում, եթե հանկարծ պարզվի, որ Ջերմուկից մի կիլոմետր այն կողմ Հայաստան է, մենք հետ կքաշվենք։ Բա որ սրանք այնպես անեն, որ չպարզվի՞։ Ու այդպես էլ անելու են»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեւէ դեմ չեն արտահայտվում սահմանազատման գործընթացին, բայց այդ գործընթացն ունի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից մշակված սկզբունքներ, որը ենթադրում է շատ ու շատ կետեր՝ ուժի չկիրառում, ուժի սպառնալիքի չկիրառում, ամբողջական սկզբունքների համաձայնեցում։ «Հետեւաբար, այն, ինչ անում են իրենք հիմա, որեւէ կերպ չի կարող անվանվել սահմանազատման գործընթաց։ Դա ընդամենը Ադրբեջանի պահանջների լուռ իրականացնումն է։ Իսկ այն խրոխտ դեմքը, որով իրենք դա անում են, իմ համար անհասկանալի է։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ միայն Փաշինյան-Միրզոյան Արարատ զույգի օրոք Ալմա-Աթայի հռչակագիրը դարձավ հայ-ադրբեջանական բանակցություններում հիմնարար փաստաթուղթ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ