Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է, այն կախված է սրբազան շարժման արդյունքներից». Սեյրան Օհանյան

Մայիս 23,2024 14:16

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՔՊ-ականների այն մեղադրանքներին, թե ընդդիմությունը չի նշում՝ որքա՞ն է Հայաստանի ինքնիշխան տարածքի մակերեսը։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Եթե որեւէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ, իրենք ճանապարհ են բացում ասելու, որ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300 հազար քկմ է, բայց չեն ըմբռնում, որ ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ տարածքը 23 քկմ է»։

Սեյրան Օհանյանն ի պատասխան նշեց. «Որեւիցե մակերես նշել, դա նշանակում է սահմանափակել քեզ այն գործընթացում, որն այսօր իրականացվում է սահմանազատման եւ սահմանագծման շրջանակներում։ Հայաստանը եւ Արցախը 42 000 քկմ են եղել։ Արցախն ամբողջությամբ՝ շուրջ 12 000 քկմ, այս իշխանությունն է հանձնել։ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ ասում էր, որ 29 800 քկմ է, եւ իրենք միլիմետրի չափով գիտեն ՀՀ տարածքը։ Պարզվեց, որ 29 800 չէ, 29 743 է։ Իրականության մեջ այսօր արդեն մնացել է 29 500 քկմ։ Բայց նշել մակերեսը պետք է իրականացվի երկուստեք, Ադրբեջանի հետ մեկտեղ։ Ադրբեջանը, քանի որ հանդիսանում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, դա նշանակում է, որ իրենք հավակնում են 114 000 քկմ-ի։ Դրա համար է, որ Ադրբեջանը չի նշում որեւիցե մակերես։ Այդ 114 000-ի մեջ շուրջ 14 000-ը ՀՀ տարածքից է։ Այս իրականության մեջ նշել 29 743 քկմ, նշանակում է նշաձողն իջեցնել կամ նշաձողը մինիմումի վրա պահել եւ քեզ սահմանափակել։ Առավել եւս, երբ ՀՀ-ն՝ որպես առանձին պետություն, մտել է Խորհրդային միության տարածք, 1926 թվականի քարտեզներով եղել է 31 000 քկմ։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ իրենք կեղծ օրակարգ եւ կեղծ թեզեր են նետում մեր հանրությանը»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը նաեւ հավելեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը իրենց օրակարգում է։ «Եվ այն կախված է սրբազան շարժման՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման արդյունքներից։ Մենք նախապատրաստական աշխատանքներ իրականացնում ենք, եւ երբ այն հասունանա ու հասնի Ազգային ժողով, իրականացնելու ենք»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031