Այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39400 է, 12-րդ դասարանինը՝ 20 554, իսկ Տավուշի շրջանավարտներն առաջինն են, որոնք դպրոցն ավարտում են հանրակրթության պետական նոր չափորոշչով: Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ տարեվերջի ամփոփիչ ասուլիսի ընթացում: Նա անցնող ուսումնական տարին որակեց բավականին բարդ՝ պայմանավորված իրականացված փոփոխություններով: Իսկ ամենակարեւոր փոփոխությունը, ըստ փոխնախարարի, հանրակրթական ուսումնական չափորոշչի ներդրումն է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում:
Արաքսիա Սվաջյանն ասաց, որ իրենց մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների վիճակը, եւ այդ երեխաների համար ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով աշակերտները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից: Նա դասագրքերին էլ անդրադարձավ, ասաց, որ 2023թ հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 անուն դասագրքերի մրցույթը կայացել է, այդ դասագրքերն էլ տպագրվել ու բաշխվել են հանրակրթական դպրոցներին, ու քանի որ հանրակրթական չափորոշիչը հաջորդ տարի ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում, կրկին դասագրքերի մրցույթ է հայտարարվելու:
«Մենք այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, եւ այս դասագրքերը ներկայումս փորձաքննության փուլում են, փորձաքննության փուլը կավարտվի, եւ դրանք նախարարի հրամանով կերաշխավորվեն, ու մյուս տարի դասագրքերը կլինեն դպրոցներում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:
Ինչ վերաբերվում է դպրոցների ֆինանսավորման փոփոխություններին, նախարարի տեղակալն ասաց, որ ամենակարեւոր փոփոխություններից մեկը երեխա-թվով ֆինանսավորումից դասարան-թվով ֆինանսավորման անցնելն է: Այս ֆինանսավորման արդյունքում, եթե 2023թ. հանրակրթությանը հատկացվել էր 115 մլրդ դրամ գումար, ապա 2024-ին՝ բյուջեն 6.6 մլրդ-ով ավելացել է՝ կազմելով ավելի քան 121 մլրդ»:
Կարդացեք նաև
Ի թիվս այլնի՝ Արաքսիա Սվաջյանը նշեց նաեւ, որ Արցախից շուրջ 17000 տեղահանված աշակերտն է սովորում Հայաստանի հանրակրթական դպրոցներում, նույնիսկ փաստաթղթերի բացակայության դեպքում նրանից շատերի սովորելու իրավունքն իրացվել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ