«Այն, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը ընթացակարգերի խախտմամբ է եւ միակողմանի զիջում է, դա փաստ է։ Այն պարտադրվում է մեր հակառակորդների կողմից», – այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ժամանակ կիրառվող հիմնական սկզբունքը հետեւյալն է՝ այդ գործընթացների արդյունքը չի կարող նոր լարման, ապակայունացման, սադրանքների, բախումների հիմք հանդիսանալ։ Դրա համար սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների իրականացման ժամանակ հիմք են հանդիսանում բնական արգելքները։
«Այսինքն, եթե նույնիսկ այդ հատվածում իրականացվում է սահմանների ճշգրտում, ապա դրա հիմքում պետք է լինեն այն գետերը, ջրամբարները, որոնք սահմանազատում են մեր եւ ադրբեջանցիների տարածքը։ Առավել եւս, որ Ադրբեջանը եւս պետք է այդ գործընթացում որոշակի զիջումներ իրականացնի, բայց դա չի իրականացվում։ Ցավալին այն է, որ այս ամենն իրականացվում է՝ կարծես թե թաքցնելով մեր հանրությունից։ Դրա վկայությունն այն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ չտվեցին այցելել Կիրանց։ Իշխանություններն իրենց գործողություններով հերթական անգամ ապալեգիտիմացնում են իրենց։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը ոչ լեգիտիմ է առաջին հերթին այն պատճառով, որ իրենք հանդիսանում էին Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, իրենց Ազգային անվտանգության ռազմավարությունում, նախընտրական բոլոր ծրագրերում դա կար, բայց իրենց իշխանության օրոք 2023 թվականին Արցախն ամբողջությամբ բռնագաղթեցվեց։ Եվ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունը, որը նաեւ ցեղասպանություն է, անհրաժեշտ մասշտաբի դատապարտում չստացավ։ Նաեւ ոչ լեգիտիմ է նրանց իշխանությունն այս ապօրինի գործողություններով», – ասաց նա։
Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իրականության մեջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը լեգիտիմ ու օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ շահերը։ «Եվ մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք», – հավելեց Օհանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ