Կառավարության այսօրվա նիստում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց, թե նախորդ 8 ամիսների ընթացքում ինչ գույքեր են ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Ընդհանուր առմամբ պետությանն արդեն վերադարձվել է 11 մլրդ դրամի գույք եւ արժույթ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակներում ՀՀ սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ եւ 1 շարժական գույք՝ ընդհանուր 4 մլրդ 118 մլն դրամ արժեքով։ Եվ ՀՀ սեփականությանն է փոխանցվում 609 մլն դրամ, որից 270 մլն-ն արդեն մուտք է արված գանձապետական հաշիվ», – ասաց Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցերով վերականգնվել է ավելի քան 6 մլրդ դրամին համարժեք գույք։ «Հենց այսօր ուժի մեջ է մտնում հաշտություն, որը հաստատվել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի կողմից, պետությանն է վերադարձվում Երեւանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում 253,8 քմ մակերեսով տարածքը, որի շուկայական մոտարկված արժեքը 1 մլրդ դրամ է»,- հավելեց Վարդապետյանը։ Նա նշեց, որ դատախազության հայցերի մեծ մասը ներդրումային ծրագրերի չկատարմանն է վերաբերում։
Գլխավոր դատախազը նաեւ ասաց, որ կառավարության նախորդ նիստերում երեք անտառային տարածքներ են ամրացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս հարցի հիշատակումը կարեւոր է այն տրամաբանությամբ, որ ակնհայտ լինի բոլորին, որ կառավարությունն ապօրինի գույքի վերադարձի հետ կապված իր քաղաքական հանձնառությունները ոչ մի վայրկյան ոչ միան չի մոռացել, այլեւ ստեղծվել են իրավական մեխանիզմներ։ Այսինքն՝ մենք աշխատանքի քաղաքական մասն արել ենք, եւ օրենսդրական մեխանիզմները փոխանցված են դատաիրավական համակարգին։ Մեր սկզբունքն այն է, որ պետք է հետևողականություն ու օրինականություն ցուցաբերենք»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱՕԿՍ-ի շենքին․ «Եթե ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի, դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։ Մարդկանց համա՞ր չէ դա։ Ոչ դեպք չկա, երբ մարդը շենքի համար է, բոլոր շենքերը մարդու համար են։ Կոթողացման տրամաբանությունից պետք է դուրս գալ»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ