Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է

Մայիս 23,2024 12:25

Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարևան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երևանը ներկայացնել «ադրբեջանական»։

Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել 1710 թվականին։

Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։ Ադրբեջանի նման քարոզարշավը նոր երևույթ չէ։ Դեռևս 2022թ․ հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երևանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։

2024թ․ մայիսի 7-ին Ադրբեջանը, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Իրևանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» և հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուններն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։

Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի  քաղաքականությունը և փաստագրված ոչնչացումները։

Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաև կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երևան․․․»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր  հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով  միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաև Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:

Այսպիսով՝ Երևանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսևորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել․ գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«ԳԵՂԱՐԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031