Մայիսի 24-ին հանրապետության բոլոր դպրոցներում հնչելու է վերջին զանգը:
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ: Մարզերում՝ դպրոցներում ու հարակից տարածքներում, հասարակական կարգը կապահովեն պարեկային ծառայողները:
Ոստիկանության նպատակը հասարակական կարգի, քաղաքացիների անվտանգության ու օրվա տոնականության պահպանումն է լինելու:
Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Կարդացեք նաև
Շրջանավարտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Հարգելի՛ ծնողներ և մանկավարժներ, ակնկալելով ձեր աջակցությունը, կոչ ենք անում միասնաբար անել առավելագույնը՝ տոնական միջոցառումները թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար:
ՆԳՆ ոստիկանությունն այդ օրը կլինի ձեր կողքին և կապահովի օրվա անվտանգ տոնականությունը:
Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:
ՆԳՆ ոստիկանություն