Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սերը Ժաննայի ժամանակ․ Անդրեասյանը սիրո՞ւմ է քեզ

Մայիս 23,2024 11:47

Չի կարելի հարձակվել այն թշնամու վրա, որի իշխանությունը ժողովրդի հանդեպ սիրով է լցված և ղեկավարի երախտագիտությունը տարածվում և բաժին է հասնում բոլորին

Ու Ցի, չինացի ռազմական, քաղաքական գործիչ

Նարինե Ասատրյանը խանութ ուներ Բերձորում, տուն ուներ։ Թշնամին հարձակվեց, տարավ։ Ո՞վ օգնեց, որ հարձակվի։ Նիկոլ Փաշինյանը։

2023թ․ Փաշինյանը Մալիշկայում էր։ Նարինեն վարձով էր մնում։ Իմանում է, որ եկել է, գնում, հովանոցը շպրտում է վրան։ Գործ են հարուցում ու երկու տարով պայմանական ազատազրկում։

11 տարի առաջ «Հայ լինելու մշակույթը» մենախոսությունում կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկում է չլինել հայրենասեր, որպեսզի կարողանանք սիրել մեր կողքի մարդկանց, խանութի աշխատողին։

«Հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, որովհետև ինքը թույլ է տալիս աբստրակտը սիրելով, չսիրել կոնկրետը»,- վստահ է Անդրեասյանը, -«Դա թույլ է տալիս, որ մենք չսիրենք մեր կողքի մարդուն, մեր փողոցը, մեր բակը, մեր խանութի վաճառողին»։

Նարինե Ասատրյանը կոնկրե՞տ է։ Այնքան կոնկրետ է, որ դատարանը նրա դեմ վճիռ ունի։ Առանց հայրենասիրության կոնցեպցիայի սիրվե՞ց կոնկրետը։ Ժաննա Անդրեասյանը սիրո՞ւմ է Նարինե Ասատրյանին։

Ժաննա Անդրեասյանի մտքերը չափազանց վտանգավոր են, քանի որ հայրենասիրությունը աբստրակտ համարելով՝ թույլ են տալիս չսիրել, արհարմարհել, ծաղրել հայրենասերներին՝ կոնկրետը։

Չսիրելով հայրենասերներին՝ թույլատրվում է ջնջել նրանց կերտած հիշողությունը և հիշողությունը, որից նրանք են կերտվել։

Չսիրելով հայրենասիրությունը թույլատրվում է ցեղասպանություն, էթնիկ զտում իրագործել այնտեղ, որտեղ հայրենասիրությունն է տարածքներ ազատագրել ու պահպանում կողքի մարդկանց, խանութի վաճառողների, բակերի, փողոցների անվտանգությունը։

Ժաննա Անդրեասյանի մտքերը իշխանության եկան 2018թ։ Այդ մտքերը խլեցին Նարինե Ասատրյանի տունն ու խանութը։ Խլողները պատասխանատվության չենթարկվեցին, և արդարության ու արդարադատության չհասած Նարինե Ասատրյանն իր դատն իրականացրեց՝ հովանոց նետելով մեղավորի վրա։

Եվ ի՞նչ եղավ։

Մեր կողքի մարդուն, խանութի վաճառողին Ժաննայի սերը դատապարտեց երկու տարվա ազատազրկման։ Ժաննա Անդրեասյանը սիրո՞ւմ է Նարինե Ասատրյանին։

Տարօրինակ սեր է, երբ էթնիկ զտման ես ենթարկում սիրեցյալիդ ու ազատազրկում, որ բարկացել է, որ էթնիկ զտման ես ենթարկել։

Ժաննա Անդրեասյանը սիրո՞ւմ է 5000 զոհերից յուրաքանչյուրին, որոնք Արցախը պահելու համար գնացին, սիրո՞ւմ է իր կողքի 120-150 հազար մարդկանցից յուրաքանչյուրին, որոնց անտուն դարձրեց նրա մտքերը, սիրո՞ւմ է Կիրանցի բնակիչներին, որոնք երկու ամիս է լացում են իրենց պահած, փայփայած հողն ու բակը օտարելու համար, Խանում Թամրազյանին սիրում է, որի 22 տարվա տունը հիմա հանձնում են Ադրբեջանին՝ անունը դնելով սահմանազատում։ Շուռնուխի, Որոտանի, Աղավնոյի կոնկրետ առ կոնկրետ բնակիչներին սիրո՞ւմ է, որոնց իրենց ղեկավարությունը գաղթական սարքեց։ Նա կարո՞ղ է սիրել 2023թ․ Արցախում զոհված 169-ը հոգուց յուրաքանչյուրին, որոնք 9 ամիս սովի մեջ մնալով՝ դիմադրեցին, որ պաշտպանեն իրենց սերը՝ հայրենիքը։

Նրանցից յուրաքանչյուրը կոնկրետ է, չէ՞։ Նրանք բոլորը մեր կողքի մարդն են, և շատերը խանութի վաճառողներ են, չէ՞։

Ժաննա Անդրեասյանի մտքերը չափազանց վտանգավոր են, քանի որ ունակ չեն հայրենիքը կոնկրետ տեսնելու։ Կոնկրետը կոնկրետ տեսնելու անընդունակությունից ստիպված աբստրակտ են կոչում այն, ինչպես դպրոցականն է մաթեմատիկայի խնդրի պայմանները հարմարեցնում իրեն, որ կարողանա լուծի։

Իսկ այն, ինչ աբստրակտ է կարելի է հետը վարվել աբստրակտ և չսիրել, այդ թվում՝ վերացնել։

Հայրենիքը աբստրա՞կտ է։

Բերձորը հայրենի՞ք էր։ Հայրենիք էր։ Ունե՞ր փողոցներ, բակեր։ Ուներ։ Նարինե Ասատրյանը հայրենիքում ապրող մա՞րդ էր։ Հայրենիքում ապրող մարդ էր։ Մարդու անվտանգությունն ապահովելը սե՞ր է։ Սեր է։

Եղա՞վ հայրենասիրություն․ Նարինե Ասատրյանի անվտանգությունը, բարօրությունն ապահովելը հայրենասիրությունն է, հայրենիքում ապրող մարդկանց սիրելը հայրենասիրությունն է։

Կողքի մարդուն, բակերը, փողոցները, խանութի վաճառողին սիրելը հայրենասիրությունն է, որովհետև այդ ամենը գտնվում է հայրենիք կոչվող բազմության մեջ։

Կա՞ ավելի կոնկրետ բան, քան սա։ Այս կոնկրետության հիման վրա են երդում տալիս պետական գործիչները, այդ թվում՝ Ժաննա Անդրեասյանը։ Երդվել են՝

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս․․․»։

Ժողովրդի առջև ունեցած պարտավորությունների իրագործումն է այն կոնկրետությունը, որը կոչվում է հայրենասիրություն։

Հայաստանի վերջին 6 տարիները ապացուցել են, որ հայրենասիրությունը ոչ թե ժխտում է մարդու հանդեպ սերը, այլ մեկը մյուսի լրացնողն է, և այս երկու սերերից որևէ մեկի բացակայությունը աղետ է և՛ երկրի, և՛ մարդու համար։

Մինչ ՔՊ-ական Հայաստանը նույնպես դրա ապացույցն է․ հայրենասիրության կոնցեպցիան գործում էր առանց անձի հանդեպ սիրո, ինչը դաշտ էր ստեղծում Ժաննա Անդրեասյանի մտքերը իշխանության բերելուն։

Այդուհանդերձ, հայրենասիրությունը բացառիկ առանձնահատկություն չի, այն ծնվում է մարդու հետ, քանի որ մարդը կապվում ու սիրում է իր միջավայրը, իր բակը, փողոցը, մեկ-մեկ՝ կողքի մարդուն։ Նա ձևավորվում է իր միջավայրի մարդկանցով, լինի նրանց դեմ, թե կողմ։

Նույնը՝ Ժաննա Անդրեասյանը, նրա մտքերը ձևավորվել են իր միջավայրի մարդկանց շնորհիվ։ Նա իր մտքերի համար պետք է պարտական լինի հայրենասիրությանը, որովհետև նա ոչ թե միտք է ծնել, այլ միտք է ստեղծել գոյություն ունեցողը ժխտելու համար, որը հանգեցրել է աղետի։

Եթե Ժաննա Անդրեասյանը և նրա համախոհները սիրում են կողքի մարդուն, քեզ, ինձ, բակերը, փողոցները, խանութի աշխատողներին, ապա պետք է հեռանան, քանի որ նրանց գաղափարները տառապանք են պատճառում կոնկրետներին, ում որ իրենք են քարոզում սիրել։

Պատշաճ կլինի այցելեն ու սփոփեն Նարինե Ասատրյանին, Խանում Թամրազյանին, ասեն՝ մեր սերը դարձրեց քեզ հանցագործ, ճիշտ չէինք սիրում, կներես։

2020թ․ Շուշիի անկումից հետո պիտի հեռանային, եթե սիրում էին․ նրանց մնալը նոր տառապանքներ պիտի դառնար միլիոնավոր կոնկրետներին, ինչպեսև եղավ, թշնամին նորից ու նորից հարձակվեց։

Թշնամին անպայման կհարձակվի այն երկրի վրա, որտեղ իշխանությունը ժխտում է հայրենիքի կոնցեպցիան, և թշնամուն հեշտ է ներմուծել դավաճաններ այն երկրում, որտեղ իշխանությունը չի սիրում ժողովրդին՝ կողքի մարդուն։

Բայց թշնամին չի համարձակվի հարձակվել, երբ ղեկավարության միտքը, ծրագրերը, խոսքը, ֆինանսը, համագործակցությունները ուղղված են իմ, քո, Նարինե Ասատրյանի, Խանում Թամրազյանի, ժողովրդի կյանքի բարօրությանը, այսինքն՝ հայրենասիրությանը։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031