Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գալստյան. Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է. «Փաստ»

Մայիս 23,2024 10:30

Մայիսի 21-ին Բագրատ Սրբազանը հանդիպեց Արցախի ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և համայնքների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ զրույցը հենց այս հանդիպման մասին վերջինիս դիտարկումներից ենք սկսում:

«Հանդիպումը շատ դրական էր և Արցախի բռնի տեղահանումից հետո առաջինն էր, երբ մեր հայրենիքի այս հատվածում նման հնարավորություն էր ընձեռնվել, որ գործադիր, օրենսդիր և տեղական ինքնակառավարման ինստիտուտները ներկա լինեն, քննարկեն այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են բռնի տեղահանված մեր հայրենակիցների առջև: Սրբազանը լսեց, առանձնացրեց կարևորագույն հարցերը և վստահեցրեց, որ դա լինելու է իրենց ուշադրության կենտրոնում, այն, ինչից խուսափում է օրվա իշխանությունը՝ ընդհուպ Արցախի անուն չտալով: Շատ կարևոր է նաև նշել, որ այդ հանդիպման ընթացքում թե՛ Սրբազանի, թե՛ մյուսների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախ մեր վերադարձին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Առհասարակ, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկի առաջին իսկ օրվանից իր խոսույթում Բագրատ Սրբազանը պարտադիր շեշտադրում է կատարում Արցախի լինելիության վրա, խոսում վերադարձի հնարավորության մասին: Այս բարդ ճանապարհին, որը պետք է սկսվի Հայաստանում իշխանափոխությամբ, նա շատ է կարևորում հաշտության ու համերաշխության օրակարգի կյանքի կոչումը: Մեր զրուցակիցը հիշեցնում է Արցախյան առաջին պատերազմի տարիները՝ 1990-ական թվականները: «Նման հաշտություն ունեցել ենք այդ թվականներին: Այդ ժամանակ հենց այդ հաշտությունն է բերել այն հաջողություններին, որն ունեցել է հայ ազգը: 2018 թ.-ից հետո ազգը պառակտեցին «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «ղարաբաղցիների ու հայաստանցիների»: Ահա այս տարանջատումների հետևանքով ունեցանք հայ ազգի համար ամենամեծ կորուստները:

Երբևէ Արցախը չի եղել այս իրավիճակում, Արցախը դարեր ու հազարամյակներ շարունակ միշտ եղել է հայկական, այնտեղ հայն է բնակվել: Իսկ այսօր այդ պառակտումների հետևանքով Արցախը հայաթափված է: Այսօր հաջողություն ունենալու մեր միակ գրավականը համախմբումն է, բայց, ցավոք, երբ այսօր Սրբազանը համախմբման, համերաշխության կոչ է անում, կան նաև իշխանությունը հայրենիքից վեր դասող անձինք, քաղաքական ուժեր, որոնք քննադատությամբ են հանդես գալիս: Տպավորությունն այնպիսին է, որ սրանք ոչ թե հայ ազգի իշխանություններ են, այլ ուղղակի իշխանություններ, որոնց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին, ինչն անընդունելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք մերօրյա իրականության մեջ հնարավո՞ր է հասնել համերաշխության և հաշտության, Գալստյանն արձագանքում է. «Դա յուրաքանչյուրիցս է կախված: Եթե մարդը, չնայած նրան, որ մինչև Արցախի կորուստն ու 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը ողջունել է, այսպես ասած, «հեղափոխությունը» կամ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն կերպ ծառայել է, ծառայություններ մատուցել, այսօր զգում է, որ պետք է պարտված իշխանությունից ձերբազատվենք, որ կարողանանք հզոր Հայաստան ունենալ, որի միջով անցնում է Արցախի վերադարձը, ապա այդ հաշտությունն ու համերաշխությունը կլինի: Բայց յուրաքանչյուր ոք պետք է նմանատիպ մոտեցում ցուցաբերի: Սրբազանն իր հիմնական գործն արել է, տեսնում ենք համախմբումը նրա շուրջ, մնում է, որ հիմա արդեն մենք որպես քաղաքացի, որպես հայ այս պատգամը կարողանանք ընդունել և այս գաղափարի շուրջ համախմբվել, որպեսզի ունենանք հայրենիք, այլ ոչ թե տարածք, որտեղ հայ է ապրում»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031