Այն, որ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի «կրեդոն» սուտն ու կեղծիքն են, այլևս, կարծես, որևէ մեկի համար նորություն չէ: Լրատվամիջոցները (այդ թվում՝ «Փաստ» թերթը) ոչ մեկ անգամ ներկայացրել են Նիկոլ Փաշինյանի արած այս կամ այն հայտարարությունը, պնդումը և դրանից որոշ ժամանակ անց դրան տրամագծորեն հակասող կամ նախկին հայտարարությունը «հեչ անող» արտահայտությունները, փաստերը: Ավելին, մեր առանձին գործընկերներ նույնիսկ «բազմահատորյակ» ամփոփ տեղեկանքներ են կազմել, որոնք նվիրված են բացառապես Նիկոլ Փաշինյանի ստերին: Խոսքը հիմնականում 2018 թվականի իշխանազավթումից հետո ընկած ժամանակաշրջանի ստերի մասին է:
Թեպետ, նախկինում էլ այդ առումով նա ռեկորդների պակաս երբեք չի ունեցել: Որոշակի իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի ու յուր ՔՊ-ի հիմնական «գաղափարախոսությունը», կներեք, ստիզմն է, իսկ կառավարման համակարգն էլ, այսպես ասենք, ստակրատիան: Սարկազմը՝ սարկազմ, բայց այս ամենն արդեն բացարձակապես անտանելի է դառնում: Սուտը ոչնչացնում է հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի ու ոլորտների կենսագործունեության թթվածինը: Այդ, այսինքն՝ ստի տիրապետման տեսանկյունից հասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատն ինչո՞ւ են այդքան ցավոտ ու գերնյարդային արձագանքում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանն ու այն գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու նրա հայտարարություններին:
Ի վերջո, Սրբազանը հայտարարել է, որ սա ճշմարտության, լույսի պայքարն է՝ ընդդեմ ստի, կեղծիքի: Հատկանշական է, որ լրատվամիջոցներում բազմիցս արծարծված փաստական տվյալներից կազմված մի 5 րոպեանոց հոլովակ էին պատրաստել շարժման նախաձեռնողները: Հոլովակը ներառում էր Փաշինյանի հանրահայտ ստերից մի քանիսը միայն: Շատ փոքր մասը: Բագրատ Սրբազանն իշխանություններին առաջարկեց (դեռևս մայիսի 12-ին) հերքել ստախոսության վերաբերյալ մեղադրանքները: Մինչ օրս հերքումային ձեն-ձուն չկա: Հակառակը, փաշինյանական քարոզչությունը, «ֆեյք-նյուզը», զանազան «ֆեյքաբարո» քպական ու քպամերձ կերպարներ շարունակում են ինտենսիվորեն նորանոր ստեր տարածել:
Այդպիսի վառ օրինակ էր ՔՊ-ի ու Փաշինյանի համակիրների շրջանում ու միջոցով տարածվող այն բացահայտ կեղծիքը, թե Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, հարկեր չի վճարում, պետք է այն «մտցնել» հարկային դաշտ: Այս վերջինը, որն, ի դեպ, չափազանց բացահայտ սուտ էր, ասվեց պետական համակարգում խիստ բարձրաստիճան մեկի կողմից: Բայց… ինչն է հետաքրքիր: Եթե, օրինակ՝ 1-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կամ ավելի ցածր ռանգի քպականի սուտը վերաբերում էր հիմնականում խոստումներին, այսինքն՝ բացահայտելու համար որոշակի ժամանակ էր պահանջվում, ավելին՝ նույն Փաշինյանի որոշ ստեր «բռնվել» են անգամ մի քանի տարի անց, ապա հիմա առավելապես շրջանառության մեջ են դրվում փաստական… ստեր: Այսինքն, ստեր երեկվա կատարվածի մասին, կամ ստեր, որոնք բացահայտվում են, ասենք, մեկ ժամ անց: Այսինքն, Փաշինյանի իշխանությունն անցել է մի քանի ժամվա, անգամ մի քանի րոպեի կյանք ունեցող ստերի: Այնպիսի ստերի, որ հերքվում կամ բացահայտվում են, ինչպես ասվում է, դեռ լրահոսում մի կարգին չհայտնված: Լինի դա կուսակրոն հոգևորականին զավակների վերագրումը, Կրեմլից կամ չգիտես, թե՝ որտեղից ֆինանսավորումը և այդպես շարունակ: Չկրկնենք: Իսկ հարկ չմուծելու վերաբերյալ հայտարարությամբ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն հաջորդ իսկ վայրկյանին հայտնվեց հիմարագույն դրության մեջ: Ինչպես ասվում է՝ տեղում պարզվեց, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, ոչ միայն պարտաճանաչ հարկատու է, որպես իրավաբանական անձ, այլև երկրի խոշոր 1000 հարկատուների ցանկում է, և 2023 թվականին 435 միլիոն դրամ հարկ է վճարել, իսկ 2024-ի առաջին 3-րդ եռամսյակի պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 147 մլն դրամ:
Կարդացեք նաև
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում