Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի ռազմավարությունը պայմանավորված չէ նախագահների անձով»

Մայիս 23,2024 11:12

 Aravot.am-ի հարցերին է պատասխանել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

Մինչև Իրանի նոր նախագահի ընտրությունը, կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի Էբրահիմ Ռայիսիի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Առաջիկա ամիսներին Իրանում ներքին իրավիճակը կարո՞ղ է անկայուն կամ անկանխատեսելի դառնալ՝ հաշվի առնելով նախագահի մահը, նոր նախագահի ընտրության անհրաժեշտությունը, ինչպես նաև արտաքին մարտահրավերները։

Կարծում եմ՝ Իրանն ունի թե՛ բավականին ամուր պետական կառուցվածք, թե՛ նաեւ բավականին խորը պետական ավանդույթներ՝ ապակայունացումից խուսափելու համար: Իհարկե, կլինի ներիշխանական տարբեր թեւերի պայքար, որոնք կփորձեն Իրանի նոր նախագահի ընտրությանը, այսպես ասած, դուրս գալ առավել ազդեցիկ դիրքեր, սակայն խոշոր հաշվով այդօրինակ պայքարը բնորոշ է ոչ միայն Իրանին, այլ, ըստ էության, ցանկացած պետության:

Իհարկե, այստեղ կարող է լինել մեկ այլ նուրբ հարց, կապված նախագահ Ռայիսիի մահվան հանգամանքների քննության հետ: Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե արդյո՞ք քննությունը կբացահայտի պատասխանատուների, որոնց թերացման հետեւանքով է տեղի ունեցել ողբերգությունը, ինչը եւս կարող է ավելացնել ներքին լարվածությունը: Բայց, ըստ իս, Իրանը միանգամայն ունակ է հաղթահարել այսպիսի իրավիճակները:

Ինչպե՞ս կարձագանքեք պնդումներին, ըստ որոնց՝ նախագահ Ռայիսին պատահարի օրը պետք է այցել էր Հայաստան։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տարածված լուրը։

Անկասկած է մի բան, որ այդօրինակ այցերը եւ հանդիպումները ծրագրվում են շատ ավելի վաղ, համաձայնեցվում եւ կազմակերպվում են առնվազն օրեր առաջ: Մինչ ողբերգությունից հետո տարածված տեղեկատվության պահը, որեւէ այլ տեղեկատվություն չի եղել այն մասին, որ Իրանի նախագահը այցելելու է Սյունիք եւ լինելու է հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպում:

Նախագահ Ռայիսիի օրոք Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի հետ սահմանն Իրանի համար կարմիր գծեր են։ Սա հենց Երևանում ասել է նաև նախագահի հետ զոհված ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հարևան երկիրը նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացեց Իրանին սահմանակից Սյունիքի մարզում։ ՀՀ տարածքային ամբողջականության հարգման դիրքորոշումը մնայո՞ւն և սկզբունքայի՞ն է Թեհրանի համար, թե՞ հաջորդ նախագահը կարող է վերանայել այն։

Պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ հայ-իրանական սահմանի առնչությամբ Իրանի դիրքորոշումները արտահայտվել են տարբեր մակարդակներով, եւ հատկապես նկատենք՝ նաեւ Գերագույն հոգեւոր առաջնորդի մակարդակով: Իսկ Իրանի բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին, նա է, ըստ էության, մշակում պետության զարգացման ռազմավարությունը, կենսական առաջնահերթությունները, հավանության արժանացնում նախագահական քաղաքականությունը:

Նկատենք, որ դեռեւս 2022 թվականի հուլիսին Թեհրանում կայացավ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում: Այդ օրերին, Թեհրան ժամանած Պուտինին եւ Էրդողանին ընդունեց նաեւ Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդը, որը նրանց հետ հանդիպումներում հատուկ շեշտել էր հայ-իրանական սահմանի ռազմավարական նշանակությունը Թեհրանի համար:

Այդ իմաստով, կարծում եմ Իրանի ռազմավարությունը պայմանավորված չէ նախագահների անձով: Այլ հարց է, թե Իրանը որքանով կենսունակ կլինի իր համար ռազմավարական այդ առաջնահերթությունները պաշտպանելու հարցում: Սա արդեն կախված է այն հանգամանքից, թե Իրանը որքան արագ կհաղթահարի այն ներքին իրավիճակը, որ առաջացել է ողբերգական պատահարից հետո:

Այդուհանդերձ, կարծում եմ Իրանի պետական իմունիտետը բավականաչափ բարձր է այդ մարտահրավերներին արձագանքելու համար:

Զրուցեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031