Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է վախեցնում ՔՊ-ականներին

Մայիս 23,2024 10:00

Եթե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որեւէ ձեւով չի սասանում Փաշինյանի «գահը», ապա ո՞րն է իմաստը, որ ՔՊ-ականները եւ իշխանության այլ քարոզիչները առավոտից երեկո դրա մասին են խոսում։

Ըստ երեւույթին, կա ինչ -որ բան, որն իրենց անհանգստացնում է։ Հակառակ դեպքում մի քանի տասնյակ ելույթներով ԱԺ-ում ու տարբեր եթերներում չէին փորձի «փչացնել» Բագրատ սրբազանին, մասնավորապես կապելով նրան Քոչարյանի եւ Ռուսաստանի հետ։ «Եկեղեցին հարկելու» սպառնալիքը նույն շարքից է: Ես բարձր կարծիքի չեմ ՔՊ -ականների ինտելեկտի մասին, բայց նրանց «շեֆը» ինչ-ինչ, բայց քաղաքական հոտառություն ունի:

Ո՞րն է, ուրեմն, այդ շարժման յուրահատկությունը, որը տարբերվում է այն նախորդ շարժումներից՝ ի հեճուկս ՔՊ-ականների, որոնք պնդում են, որ ոչ մի տարբերություն չկա: Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական գործիչների հանդեպ, արձանագրենք, որ Բագրատ սրբազանը Վազգեն Մանուկյան կամ Իշխան Սաղաթելյան չէ։ Դա ունի իր առավելությունները եւ թերությունները:

Թերությունն, իհարկե, քաղաքական պայքարի մարտավարության նրբություններին չտիրապետելն է։ Չի կարելի պահանջ դնել՝ «քեզ հեռանալու մեկ ժամ ենք տալիս» եւ հետը չասել՝ «թե չէ այս բանը կանեմ»: Նման սխալներն, ինչ խոսք, բազմաթիվ են:

Բայց կա նաեւ առավելություն, որը ես կանվանեի «էթիկական առանցք» կամ, եթե ուզեք՝ «պաթոս», որը չի սահմանափակում շարժման նպատակները զուտ իշխանափոխության պահանջով, այլ պարունակում է մարդկային եւ ազգային արժանապատվությունը վերականգնելու, վերագտնելու ուղերձը: «Տաճարը հաղթելու է փողոցին», իմ կարծիքով, նշանակում է, որ փողոցային խուլիգանների մտածելակերպը, փողոցում մարդկանց վրա թքող «վերնախավի» աշխարհընկալումը պետք է փոխարինվի պարկեշտ, զուսպ, ոչ նյութական տեսլականներ ունեցող մարդկանց աշխարհընկալմամբ:

Դուք գուցե առարկեք, որ փողոցում բողոքողների եւ ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողների թվում նույնպես կան խուլիգաններ եւ հայհոյախոսներ, եւ դա, ընդհանուր առմամբ, ճիշտ է: Բայց մի բան է, երբ կան այս կամ այն անհատներ, մեկ այլ բան՝ երբ խուլիգանությունը, մերժողականությունը, անհավատությունը, ցինիզմը «հավատամք» են:

Ահա այդ «հավատամքի» դեմ է դուրս եկել Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը: Այս պահին, այո, այն վտանգ չի ներկայացնում Փաշինյանի համար՝ իշխանությունն ի վիճակի է փողոց հանել ավելի շատ ոստիկաններ, քան ընդդիմությունը՝ ցուցարարներ: Բայց եթե հասարակությունն ընկալի այդ շարժման հիմնական ուղերձը, ոչ մի «գունավոր բերետավոր» չի կարողանա դրան խանգարել: Դա է իշխանությանը սարսափեցնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հիշո՞ւմ եք ‘Փամփուշտ ալ չունիք’-ը: Խաղաղության պայմանագիր կնքողը պարզվում է տարրական դիվանագիտական գիտելիքներ չունի ու տեղյակ էլ չի որ չունի…
    Վախեցած են որ գալիս այն պահը երբ ‘Բագրատ Սրբազան’ շարժումը կխոսի նրանից թե ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը: Մինչդեռ նիկոլը պնդում է թե սահմանազատման հարցում այդ սկզբունքով շարժվելու համաձայնություն կա:
    Այսինքն անմակարդակ, տկար, պարզապես հիմար լինելը կդառնա ակնհայտ ևս մեկ անգամ: Երևի Ալիևը նորից կգա օգնության` կհարձակվի, տարածք կգրավի, կլինեն զոհեր ու հայերը կմոռանան նիկոլականների տգետ, անմակարդակ լինելը: Արևմուտքն ու Ռուսաստանը նորից մատը մատին չեն խփի: Իրենց ձեռնտու է հիմար, անմակարդակ նիկոլը որպես Հայաստանի բախտ որոշող: Արևմուտքը կասի ‘դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունները’ դիտարկում է հնարավորությունը: Դե որ Ռուսաստանը չգա ‘օգնության’ համ պարզ է համ էլ նոր չէ:

    Ի դեպ. ռուս խաղաղապահներին փոխարինել են 21 ամերիկյան խաղաղապահ (մայիսի 21-ից): Եթե առաջին դեպքում Արցախը հայաթափվեց, ապա այս նոր խումբը կարող է խաղաղ կերպով Սյունիքը հայաթափի` պարզապես զուգահեռ եմ տանում: Եթե չեմ սխալվում 2023-ի օգոստոսին հայաստանում էր մեկ այլ խաղաղաբեր խումբ ԱՄՆ-ից, մեկնեցին անմիջապես Արցախցիների արտագաղթը սկսվելուն պես: Այս նոր խումբը մնալու է Հայաստանում մինչև 2026-ը` ‘շռնդալից հաղտանակը’ կազմակերպելու համար: Հայաստանը վերածվել է գործակալության: Պետականությունը վաճառված է պաշտոնները պահելու համար:

    Այնպես որ Ձեր հարցը ստանում է տեխնիկական բովանդակություն` ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ խաղաղության պայմանագրում ներառել Ալմա-Աթայի հռչակագրին հղումը

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031