Հայաստանը երրորդ հազարամյակի առաջին հարյուրամյակում
(Հայաստանը Քրիստոսի երկրորդ գալստյանն ընդառաջ)
Սկիզբը՝ մայիսի 16-ի համարում
Հայ ժողովուրդը եւ արտագաղթը
Կարդացեք նաև
2020 թ. պատերազմի ակտիվ մարտական գործողություններից հետո, մեր պարտությունից եւ հրադադար կնքելուց հետո, հայ ժողովրդի կյանքում ծանր շրջան սկսվեց: Այդ իրավիճակը հանգեցրեց արտագաղթի մեծացմանը: Արտագաղթի պատճառները մի շարք բաղադրիչներից են կազմված, կարծում եմ հիմնականը երկուսն են. երկրում տիրող անարդարությունը եւ իշխանության անկարողությունը երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու՝ զինված ուժերը արդիականացնելու եւ ժողովրդին պատրաստելու պատերազմի եւ հաղթանակի: Ժողովրդին պատերազմի չպատրաստելը մարդկանց մոտ առաջացնում է վախի հոգեբանություն, դա սովորական մարդկային հոգեվիճակ է, եթե դու պատրաստված չես կռվելու, ապա դու վախենում ես եւ պարտված ես: Սա, այս իշխանության ամենակոպիտ սխալն է, որը դարձրել է գործելաոճ, չգիտակցելով դրա աղետալի հետեւանքները: Եթե Ն. Փաշինյանը 2020 թվականի մարտական գործողությունների հետեւանքով պարտության հիմնական մեղավոր իրեն չհամարեց, ապա ինչ է ասելու այսուհետեւ: 2020 թվականի նոյեմբերի հրադադարից անցել է շուրջ 14 ամիս եւ գրեթե ոչինչ չի արվել զինված ուժերը վերակառուցելու եւ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, տղամարդկանց ակտիվ զորավարժանքների մեջ ընդգրկելու եւ պատրաստելու մարտական գործողությունների: Կարծում եմ, այլ, ավելի վատ արտահայտություններ թույլ չտալու համար կարող ենք ասել, որ այս մարդը եւ իր թիմակիցները նվազագույնը տկարամիտներ են, որոնք իրավունք չունեն պետություն կառավարելու եւ պետության ղեկին մնալու: Այսպիսի խորը անդունդ ժողովրդի եւ իշխանության մտածելակերպի մեջ անհնար է պատկերացնել. ժողովուրդը ուզում է իր պետությունը, հայրենիքը պաշտպանել, իսկ իշխանությունը հակառակ կարծիքի է եւ հակառակն է անում: Իշխանությունը պարզապես ցանկանում է իշխել եւ նյութապես իրեն ապահով զգալ, իրենց լեզվով ասած՝ «վայելել»: Սա անպատասխանատու մարդկանց մտածելակերպ է, երեւանյան փողոցային երիտասարդության մտածելակերպ, եթե այլ, թշնամական հետքերն անտեսենք, որոնք, իհարկե, կան:
Հայաստանի նոր վերածննդի համար, երբ ժամանակը իր լրումին հասնի, կսկսվի վիլսոնյան իրավարար վճռի իրականացման գործընթացը, որով հիմք կդրվի Հայաստանի վերածննդին եւ կենսունակ պետության կայացմանն ու Հայաստանի փառքի վերականգնմանը:
Հայաստանը հին աշխարհում
Հայաստանի պետականության հիմնադիրն է Հայկ Նահապետը՝ Նոյ Նահապետից հետո վեցերորդ սերունդը, ըստ պատմահայր Սբ. Մովսես Խորենացու: 2492 թվականին հաղթելով Բելին՝ Հայկ Նահապետը հիմնադրեց հայոց պետականությունը եւ հայկյան դինաստիան թագավորեց մոտ 2500 տարի, մինչեւ առաջին դար մեր թվարկության:
Հայաստանը դարեր շարունակ եղել է հին աշխարհի հզորագույն պետություններից մեկը եւ կարեւորագույն դերակատարներից մեկը: Եղել են ժամանակներ, երբ հասել է հզորության գագաթնակե-տին, եղել են եւ անկման շրջաններ, սակայն երբեք պետականությունն անվերադարձ չի կորցրել: Եղել են ժամանակաշրջաններ, երբ Հայաստանը պետականությունը կորցրել է կարճ ժամանակներով եւ վերականգնել: Պետականությունը կորցնելու պարագայում էլ կարողացել է պահպանել Հայաստան պետական միավորը տարբեր դրսեւորումներով:
Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին հիշատակում է նաեւ Աստվածաշունչը, ինչպես նրա հզորության՝ տնտեսական առումով, այնպես էլ ռազմական:
Եզեկիէլ (Եզեկիէլ մարգարէ՝ 6-րդ դար մինչեւ Քրիստոսը) 27.14 «Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները» (հին աշխարհում Հայաստանը անվանում էին նաեւ Թորգոմա տուն, մեր Հայկ Նահապետի հոր անունով, որը Հաբեթից հետո չորրորդ սերունդն էր՝ Հաբեթ, Գամեր, Թիրաս, Թորգոմ): Այստեղ Եզեկիէլը հիշատակում է Փյունիկիայի Տյուրոս քաղաքի մասին, որը հպարտանում էր իր շուկաներում ապրանքների առատությամբ եւ բարգավաճմամբ: Եզեկիէլ մարգարեն մատնացույց է անում. որ, Տյուրոս, քո հզորությունը քոնը չի, այլ Հայաստանինը, որը իր ապրանքներով լցնում է քո շուկաները:
Ռազմական հզորության մասին են խոսում Եսայի, Երեմիա եւ Եզեկիէլ մարգարեները, ինչպես նաեւ Թագավորություններ Դ 19-37 -ում:
Եսայու (8-րդ դար մինչեւ Քրիստոսը), Երեմիայի (7-րդ դար մինչեւ Քրիստոսը) եւ Եզեկիէլի (6-րդ դար մինչեւ Քրիստոսը) մարգարեությունները Ասորեստանի ներքին խժդժությունների եւ Բաբելոնի կործանման մասին են.
Եսայի 37.38 «Եվ մինչ նա իր նասրաք աստծու տաճարի մեջ երկրպագում էր իր կուռքին, նրա որդիները` Ադամելեքը եւ Սարասարը, սրով սպանեցին նրան եւ իրենք փախստական գնացին Հայաստան»: (Ասորեստանի արքա Սենեքերիմի մասին է ասվածը:)
Երեմիա 50.3 «Արդարեւ, հյուսիսից նրա վրա հարձակվեց մի ազգ, որը նրա երկիրն ավերակ պիտի դարձնի,»:
Երեմիա 51.27 «Դրոշ բարձրացրեք երկրի վրա, փող փչեցեք բոլոր ազգերի մեջ, զորագնդեր կանչեցեք նրա դեմ: Իմ կողմից հրաման տվեք Արարատյան թագավորություններին եւ ասքանազյան գնդին …»:
Եզեկիէլ. 38.6 «Գոմերին ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, Թորգոմա տունը` հյուսիսի կողմերից, ու բոլոր նրանց, որ նրա շուրջն են, բազմաթիվ ազգերի էլ քեզ հետ»:
Ինչպես հայտնի է պատմությունից, Բաբելոնի վրա հարձակումը տեղի ունեցավ 538 թվականին մինչեւ Քրիստոսը: Միացյալ ուժերը գլխավորում էր մեր մեծագույն արքաներից մեկը՝ ինչպես նրան անվանում է պատմահայր սբ. Մովսես Խորենացին, Տրգրան Առաջին Երվանդյանը, որը փոխարինելով հորը, բարձրանալով գահ, կարճ ժամանակամիջոցում վերակառուցեց եւ այնպիսի հզորության հասցրեց հայոց բանակը, ինչպես տեղեկացնում է պատմիչը՝ երբ զրահավորված կանգնում էր հայոց բանակը, թշնամին արդեն սարսափում էր:
Միացյալ ուժերը ջախջախեցին բաբելոնյան բանակը, կործանվեց հզոր Բաբելոնը եւ ազատագրվեց գերեվարված հրեա ժողովուրդը, գերեվարվածները վերադարձան Հրեաստան: Երկար տարիներ տարածաշրջանում թեւածում էր խաղաղություն, շնորհիվ հայ-պարթեւական բարեկամական խաղաղ գոյակցության:
Շարունակելի
Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.05.2024