«Հայաստանում կարող ես զգալ երկրի էներգիան ոտքերիդ տակ, իսկ օդը ներծծված է հավերժությամբ». Վալերի Տոլստով
Վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեր հանդիսատեսը հանդիպեց աշխարհահռչակ «Authentic Light Orchestra» խմբին, որի ղեկավարն է երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր եւ մուլտիգործիքավորող Վալերի Տոլստովը։ Նա իր կարիերան սկսել է որպես դասական երաժիշտ, սովորել Շվեյցարիայի կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո, 2012թ. որոշել է բացել իր կյանքի նոր էջը, փորձել ինչ-որ նոր բան. ինչպես ինքն է ասում՝ «հոգիս էր դա պահանջում»։ Նախ իր շուրջն է հավաքել հրաշալի երաժիշտների, որոնց հետ պարզապես երաժշտություն էր նվագում։ Ի վերջո ստեղծեց խումբ, որը կատարում է ժամանակակից իմպրովիզացված երաժշտություն՝ ջազային տարրերով, հիմնված հայկական ֆոլկլորի վրա։ Խումբն անընդհատ էքսպերիմենտներ է անում հայկական երաժշտությանը նոր հնչողություն հաղորդելով ու, բնականաբար, ներկայացնում ողջ աշխարհին։ Իսկ ինչու է նրա երաժշտությունը հիմնված հայկական ֆոլկի վրա, բացատրությունը պարզ է՝ հայուհի մոր «մշակութային» գենն է դոմինանտում։
Կայացած համերգի ավարտին, կուլիսներում դեռեւս բռավոները չդադարած, Վալերի Տոլստովը չմերժեց մեր խնդրանքը՝ հակիրճ պատասխանել ընդամենը երկու հարցի։
– Մերօրյա փոթորկվող աշխարհում երաժշտությունը ի՞նչ նոր անելիք է «ստանձնել»։
– Երաժշտությունը ոչ միայն ինձ ընկղմում է հատուկ վիճակի մեջ, սկսում ենք նկատել գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն «դրսում», այլեւ «ներսում», եւ մարդը կարծես սկսում է հասկանալ ավելին։ Խոսքն, իհարկե, բարձրարվեստ երաժշտության մասին է։ Ժամանակակից երաժշտության մեծ մասն անառողջ, ժամկետանց արագ սնունդ է։ Բայց միայն երաժշտությունը բավարար չէ։ Բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես կարող է շնորհալի երաժիշտը շատ կասկածելի լինել իր մյուս դրսեւորումներում։
– Վերջերս ո՞ր նորությունը կամ իրադարձությունն է ձեզ զարմացրել։
– Ամեն անգամ զարմանում եմ, երբ պարզվում է, որ մարդը չի ստել, եթե, իհարկե, հաջողվի տարբերել ճշմարտությունը հորինվածքից։ Դժվար է ցնցել ժամանակակից մարդուն, քանի որ մենք ապրում ենք տեղեկատվության շարունակական տարափի տակ, որը մեր ուղեղը դժվարությամբ է մարսում։ Հավանաբար շուտով մենք ընդհանրապես կդադարենք զարմանալ, նույնիսկ Մարսի վրա մարդու վայրէջքը որեւէ ռեակցիա չի առաջացնում։ Հավանաբար ինչ-որ պաշտպանիչ մեխանիզմ է գործարկվում, որը մեզ անզգայնացնում է ողբերգական լուրերի նկատմամբ։ Հակառակ դեպքում, պատկերացրեք ձեր վիճակը, եթե դուք հավասարապես բուռն արձագանքեք աշխարհում կատարվող յուրաքանչյուր միջադեպի… Այո, մարդը չափազանց ընտրողական է, երբ խոսքը վերաբերում է կարեկցանքին։ Կարծես հայտնվել ենք «փորձագիտական» կարծիքների խաչաձեւ կրակի մեջ։ Մեզ թվում է, թե մենք տեղեկացված ենք դառնում, մինչդեռ ավելի շատ ենք սուզվում պատրանքների ու ցնորքների աշխարհ, քանի որ մարդու միտքը նախագծված է այնպես, որ կարող է լինել ե՛ւ ընկեր, ե՛ւ թշնամի։ Այդպիսով մարդը մշտական դիսոնանս վիճակում է եւ դառնում է արտաքին մանիպուլյացիայի իդեալական զոհ։ Ձեր հարցի ենթատեքստը պարզ է ինձ համար, կպատասխանեմ կարճ ու կոնկրետ. հայաստանյան վերջին իրադարձություններից մեծ շոկ եմ ապրում։
– Աշխարհով մեկ տարածում եք ձեր արվեստը՝ համեմված հայկական երաժշտական տարրերով…
– Ես ոչ թե շրջագայում եմ, այլ կարելի է ասել՝ ապրում եմ տարբեր երկրներում, սահման կոչվածը ընդարձակվում է բառացի եւ փոխաբերական իմաստով։ Բայց Հայաստանն առանձնահատուկ տեղ է. այստեղ կարող ես զգալ երկրի էներգիան ոտքերիդ տակ, իսկ առանց չափազանցության՝ օդը ներծծված է հավերժությամբ։ Հայաստանը դժվար ճակատագրով երկիր է, բայց այն մշտապես ձգում է։ Այս միտքը կհաստատեն երաժիշտ գործընկերներս նույնպես։ Ի վերջո, երաժշտի խնդիրը մեկն է՝ անել այնպես, որ հանդիսատեսը իրեն զգա ոչ թե տանը, դահլիճում, այլ, ոչ ավել-ոչ պակաս՝ տաճարում։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ.Գ.– «Authentic Light Orchestra»-ի երեւանյան համերգի կազմակերպիչ՝ «new generation project» (գործադիր տնօրեն՝ Շմավոն Գրիգորյան):
«Առավոտ» օրաթերթ
21.05.2024