Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոգով ռուսական օրենք». Արդյո՞ք Թբիլիսին «այրում է կամուրջներն» Արեւմուտքի հետ

Մայիս 23,2024 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Մոսկվան պաշտպանեց Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը` «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման հարցում

ԱՄՆ-ը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ

Վրաստանը ցնցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ըստ պաշտոնական Բրյուսելի, կարող է լրջագույն խոչընդոտ դառնալ Թբիլիսիի՝ Եվրամիությանն անդամակցության ճանապարհին: Օրենքի ընդունումից հետո ընդդիմադիր խմբակցությունների մի մասը հայտարարեց խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մտադրության մասին:

«Ստեղծված իրավիճակում երկրում մնացել է ընդամենը մի քանի ինստիտուտ՝ նախագահի ինստիտուտը եւ խորհրդարանական ընդդիմությունը, որն այսօր ներկայացնում է ժողովրդի ձայնը եւ ժողովրդի շահերը։ Մի իրավիճակում, երբ երկրում հաստատված է ռուսական ռեժիմ, խորհրդարանական նորմալ աշխատանքն անհնար է պատկերացնել։ Այսօր տեսանք, որ խորհրդարանական մեծամասնությունը գործնականում ոստիկանության շարունակությունն էր խորհրդարանի դահլիճում, երբ որեւէ ընդդիմադիր պատգամավորի թույլ չտվեցին նորմալ ելույթ ունենալ։ Ուստի մենք՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը եւ ընդդիմության մեծամասնությունը, չենք պատրաստվում շարունակել մեր գործունեությունն այս ռեժիմում, մենք անցնում ենք բոյկոտի ռեժիմի», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտարարել էր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավարներից Լեւան Բեժաշվիլին` վիճահարույց օրենքի ընդունման օրը։

Շաբաթներ շարունակ ուժայինների կոշտ դիմադրության՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման պայմաններում Վրաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ իշխանություններից պահանջում էին հրաժարվել ռուսաստանյան տխրահռչակ օրենքը հիշեցնող նախաձեռնությունից։ Խորհրդարանի շենքից դուրս օրենքին ընդդիմացող հազարավոր քաղաքացիների եւ ուժայինների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարությունը հավաքները որակելով` ոչ խաղաղ, ուժ էր կիրառում, բերման ենթարկում ակտիվիստներին։

Վրաստանյան ընդդիմությունը, Թբիլիսիի միջազգային գործընկերները մտավախություն ունեն, որ այդ օրենքի կիրառումը ժողովրդավարական օրակարգ որդեգրած երկրում կհանգեցնի ազատությունների սահմանափակման։

Վաշինգտոնը օրենքի ընդունման նախաշեմին հայտարարեց, որ կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը նկատել էր` բոլորը տեսան Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, որոնք կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ձգտում են դեպի եվրաատլանտյան ապագա: «Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել էր նա։ Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։ «Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին եւ Վրաստանն ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, եւ մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել էր Սպիտակ տան խոսնակը։

Հիշեցնենք, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահը ստորագրում եւ հրապարակում է օրենքը երկու շաբաթվա ընթացքում, կամ այն վերադարձնում է խորհրդարան։ «Վրացական երազանքը» բավականաչափ ձայներ ունի՝ վետոն վերացնելու համար։ Եթե դրանից հետո նախագահը չի ստորագրում օրենքը, այն ստորագրում եւ հրապարակում է խորհրդարանի նախագահը։

Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետեւել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Ընդգծելով, որ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ Պատելը հայտարարել է՝ Վաշինգտոնն աջակցում է այդ ձգտումներին։ «Մենք նաեւ գիտենք, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին եւ հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Սա համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությանը։ Բայց նման օրենքները հակասում են նշված նպատակին», – ասել էր Պատելը:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է, որ ԱՄՆ-ը կարեւորում է Վրաստանի հետ հարաբերություններն ու գործընկերությունը, որ գոյություն ունեն ավելի քան 30 տարի, եւ ցանկանում է շարունակել խորացնել այդ համագործակցությունը: «Դեռ ժամանակ կա համատեղ աշխատելու համար, բայց մեր տեսակետն այն է, որ Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը», – ասել է Պատելը՝ հավելելով, որ ընդունված օրենքն առաջ է տանում այն տեսակետները, որոնք գոյություն ունեն, օրինակ, Կրեմլում։ «Այս օրենսդրությունը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանը, լրատվական, ոչ առեւտրային կազմակերպություններին: Դա ոչ միայն հակասում է այն արժեքներին, որոնք ունեն Վրաստանն ու Միացյալ Նահանգները, այլ նաեւ վրաց ժողովրդի ձգտումներին», – նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը»։

«Դրսից երկրում հեղաշրջում, ապստամբություն հրահրելու փորձ». Վրացական իշխանության կոշտ արձագանքը

Ինչպես հայտնի է, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտգործնախարարները ժամանել էին Վրաստան։ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը X-ի իր էջում նշել էր. «Այստեղ եւս մեկ պայքար է հանուն ժողովրդավարության, ազատության եւ եվրոպական ապագայի»։ Նրանք մասնակցել էին Թբիլիսիի բողոքի ցույցին, ինչը խստորեն քննադատեց պաշտոնական Թբիլիսին։ Մայիսի 15-ին ժամանելով Թբիլիսի՝ նույն օրը երեկոյան եվրոպացի չորս արտգործնախարարները միացել էին դեպի խորհրդարան շարժվող երթին, իսկ Լիտվայի, Էստոնիայի ու Իսլանդիայի արտգործնախարարները ելույթ էին ունեցել հանրահավաքում։

«Սա դրսից երկրում հեղաշրջում, ապստամբություն հրահրելու փորձ է։ Սա բարեկամություն չէ, սա ուղիղ թշնամություն է, երկրում բեւեռացում սերմանելու փորձ», – «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարեց «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Իսկ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին արտգործնախարարների արարքը համեմատել է ռուսական քարոզչության հետ։ «Նման վարքագիծ կարելի է սպասել խորհրդային, կամ ռուսական քարոզիչներից, այլ ոչ թե Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներից։ Օգնել տապալելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը, որովհետեւ նրա ընդունած օրենքը ձեզ դուր չի գալիս՝ ասես խորհրդային պիեսից պատճենված ինչ-որ բան լինի», – X սոցցանցում գրել էր Պապուաշվիլին։ «Դիմել ընդդիմադիր կուսակցությունների կողմից կառավարության դեմ տրամադրված մի խումբ հուզված երիտասարդներին եւ նրանց անվանել «ժողովուրդ»՝ նման արարքը սպասելի էր խորհրդային կամ ռուսական քարոզչությունից, բայց ոչ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարներից», – ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Վրացական խորհրդարանի խոսնակի պնդմամբ, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն իրենց գործողություններով «նպաստում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալմանը, քանի որ նրանց դուր չի գալիս այդ կառավարության կողմից ընդունված օրենսդրությունը»։

Մոսկվան կողմ է աղմկահարույց օրենքին

Հատկանշական է, որ պաշտոնական Մոսկվան եւս քննադատեց եվրոպացի արտգործնախարարներին: Նրանք Թբիլիսիի ցույցերը համեմատեցին Կիեւի Մայդանի ցույցերին` ուկրաինական «Նարնջագույն հեղափոխության» ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչեւը Տելեգրամի իր էջում գրել էր, որ Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցությունը Թբիլիսիի բողոքի ցույցին միջամտություն է երկրի ներքին գործերին։ Նա հիշեցել էր, որ ԱՄՆ-ի նախկին փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը Կիեւի հրապարակում կարկանդակներ էր բաժանում ցուցարարներին։ Կոսաչեւը պաշտպանել էր Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն ընդունելու հարցում։

«Վրաստանի գոյատեւումը որպես պետություն վտանգված է», կարծում է Զուրաբիշվիլին

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից հետո Վրաստանի գոյատեւումը որպես պետություն վտանգված է, հայտարարեց երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվին՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Իսլանդիայի արտգործնախարարների հետ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում։

Վրաստանի նախագահը վերահաստատել էր՝ մտադիր է վետո դնել աղմկահարույց օրենքի վրա, քանի որ կառավարությունը «չլսեց ոչ իր ժողովրդի ձայնը, ոչ իր ընկերների խորհուրդները, ոչ էլ որեւէ մեկի նախազգուշացումները»։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վերջին շաբաթներին զուգահեռաբար աշխատել է «եվրոպական հարթակի վրա», որի օգնությամբ նպատակ ունի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «մոբիլիզացնել վրացիներին»։ «Մեր մոտ ապագան՝ ընտրությունների համար մոբիլիզացիան է, խաղաղ ճանապարհ, որում մենք բոլորս անկասկած միասին կհաղթենք, որպեսզի մեր Հայրենիքը տանենք խաղաղ եւ եվրոպական ճանապարհով»,- ասել էր Վրաստանի նախագահը։

Եվ ահա մայիսի 18-ին Վրաստանի նախագահը վետոյի ենթարկեց աղմկահարույց օրենքը։ Զուրաբիշվիլին հայտարարեց՝ վիճահարույց օրենքն «իր էությամբ եւ ոգով ռուսական օրենք է, որը հակասում է մեր Սահմանադրությանը եւ եվրոպական բոլոր չափանիշներին, հետեւաբար այն խոչընդոտ է մեր եվրոպական ճանապարհին»։ Վրաստանի նախագահը վերստին պնդել է՝ իշխող ուժը պետք է չեղարկի օրենքը։

Financial Times. ԵՄ-ը մտադիր է սառեցնել Վրաստանի անդամակցության հայտը

Արեւմուտքը համարում է, որ Վրաստանի իշխանություններն անտեսեցին զանգվածային բողոքներն եւ իրենց նախազգուշացումներն առ այն, որ նախաձեռնությունը վտանգում է Վրաստանի եվրատլանտյան ձգտումները:

Financial Times-ը, Խորհրդարանում վիճահարույց օրենքի ընդունումից հետո վկայակոչելով վերջին օրերին Վրաստանի եւ Եվրամիության պաշտոնյաների միջեւ քննարկումներին մոտ կանգնած իր աղբյուրը, հայտնեց, որ դաշինքը մտադիր է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հայտը։ Հիշեցնենք, որ անցյալ տարի երկիրը պաշտոնապես ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստացավ, թեեւ բանակցությունները դեռ չեն մեկնարկել։

Եվրահանձնաժողովը եւ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը պաշտոնապես կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատումից։ Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կազդի Վրաստանի եվրոպական հեռանկարների վրա՝ չհստակեցնելով, թե ինչ հետեւանքների մասին է խոսքը։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ օրինագիծը թիրախավորում է քաղաքացիական հասարակությանն ու սպառնում է ԶԼՄ-ների ազատությանը: «Ընտրությունը Վրաստանի ձեռքում է, մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հետ կանչել օրինագիծը»,- նշվեց հայտարարությունում։

Վրաստանն իսկապես բարդ ընտրության առջեւ կանգնեց աղմկահարույց օրենքի ընդունմամբ: Նժարին Արեւմուտքի հետ արդեն իսկ որոշակիորեն վտանգված հարաբերություններն են:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Newsgeorgia-ի

«Առավոտ» օրաթերթ, 22.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031