Լրահոս
Օրվա լրահոսը

Մի վնասիր` «Do no harm»

Մայիս 22,2024 23:30

ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մայիսի 22-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ընթացքում, Էջմիածնի կողմից եկեղեցական սեփականության վերադարձի վերաբերյալ պահանջին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ մտածեցի, որ Հայաստանի եւ այլ երկրների պարագայում Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը գալիս եւ նույնանում է: Ես հիշում եմ, որ ՀԱԵ-ն Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացնում եւ ներկայացրել էր եւ ամենեւին չեմ զարմանա, որ էդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաեւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Անգամ, եթե այսպիսի համեմատություն է արվում ներքաղաքական համատեքստում, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը չափազանց վտանգավոր է: Ակնհայտ է, որ ՀԱԵ-ի հետ քաղաքական առճակատման մեջ գտնվող Փաշինյանն այսպիսի զուգահեռ տանելով փորձում է դեմոնիզացնել Էջմիածինը` Թուրքիայի եւ Հայաստանի պարագայում` ՀԱԵ-ի մեթոդների նույնականացմամբ: Վարչապետը կարծես մոռանում է կրկին, որ իրեն միայն Հայաստանում չեն լսում:

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, հորդորել, հուշել կամ սաստել, որպեսզի չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ: Այսպես, օրինակ, Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի եւ Անթիլիասի կաթողիկոսությունները, Երուսաղեմի եւ Պոլսո պատրիարքարանները աշխարհի տարբեր պետություններում` այդ երկրների օրենսդրություններով սեփականություն ունեն եւ ունեցել են անգամ մինչեւ Հայաստանի Հանրապետության հռչակումը:

Այս հարցը չափազանց նուրբ է եւ բարդ, որոշ դեպքերում վիճելի եւ ժառանգությունը կորցնելու շեմին կանգնած վտանգներով լի, եւ, եթե պետությունը հասկանալի պատճառներով չի կարող օգնել եկեղեցուն, ապա առնվազն պետք է փորձի չվնասել:

ՀԱԵ-ի հսկայական եկեղեցական եւ կրթական ժառանգության, ունեցվածքի ծավալների ու դրանց հետ կապված խնդիրների բազմությունը լրջորեն հասկանալ է պետք: Երուսաղեմից մինչեւ Կիպրոս, Հնդկաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Սուդան, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպա, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստանից մինչեւ Ավստրալիա եւ Ինդոնեզիա:

Կովերի այգուց մինչեւ Մելքոնյան դպրոց, Մադրաս, Աղթամար ողորկ կարգավիճակներով կրթարաններ, ձեռագրերի եւ արխիվների, կրոնական եւ մշակութային հուշարձանների է տիրապետում, կամ` այդ պետությունների օրենքներով հավակնելու իրավունք ունի ՀԱԵ-ն: Ընդ որում, որոշ դեպքերում ելնելով մեր եկեղեցու ունեցած կարգավիճակից, կամ` դրա բացակայությունից, կան սառեցված եւ ակտիվ դատական վեճեր, ուստի սա հաշվի չառնելով Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտարարություններ անելն արկածախնդրության է նմանվում:

Եթե այս ամենն արվում է Հայ առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու նպատակով, թող դա անեն այլ փաստարկներով ու պատրվակներով, սակայն զերծ մնան արտերկրում եկեղեցու ունեցվածքի հարցերն ու ունեցած խնդիրները Հայաստանի ներքաղաքական դիսկուրս ներմուծելուց «Do no harm» սկզբունքով, ասել է թե` «Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031