Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով. Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ ԱԺ նախագահին

Մայիս 22,2024 23:13

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին

 

Վերջերս ՀՀ ԱԺ ամբիոնից Դուք հայտարարեցիք, որ պետք է հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար առկա են, ինչո՞ւ չեն կիրառվում Եկեղեցու հանդեպ։ Այնուհետև շարունակելով՝ պնդում եք, որ աշխարհասփյուռ հայությունից Եկեղեցին փող է հավաքում, հարստանում է, մոմ, կոկա-կոլա, գինի է ծախում, գինու ռեստորաններ ունի և հարկ չի վճարում։

Մինչև բուն թեմային անդրադառնալը՝ չիմացողների համար նշենք, որ․

1․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վճարում է եկամտահարկերը և մաքսատուրքերը (2024թ․ դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակում է),

2․ Մնացյալ բոլոր հարկերից Հայ Եկեղեցին ազատված է Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով և ՀՀ Կառավարության համապատասխան որոշումներով։ Նման արտոնություններ ՀՀ-ում ունեն նաև այլ կրոնական կառույցներ և բարեգործական ՀԿ-ներ։

3․ Քրիստոնեական մի շարք երկրներում ևս տեղի եկեղեցիները (Կաթոլիկ, Ուղղափառ կամ Բողոքական), նաև Հայ Եկեղեցու թեմերը ունեն հարկային արտոնություններ։ Վրաստանը, օրինակ, Վրաց Ուղղափառ Եկեղեցուն փոխհատուցում է խորհրդային վարչակարգի հասցրած վնասի դիմաց, այդ թվում՝ Վրաստանի Հայոց թեմին։ Օրթոդոքս այլ երկրներ, ինչպես օրինակ Հունաստանն ու Ռումինիան, աշխատավարձով են ապահովում իրենց երկրում գործող բոլոր եկեղեցիների հոգևորականներին։ Սրանք լավ օրինակներ են, որոնց մասին արժե խորհել․․․

Չկրկնվելու համար զանց կառնենք Խորհրդային վարչակարգի կողմից Հայ Եկեղեցուց բռնագրաված կալվածքների, գույքի, հասցված վնասի և առհասարակ, դրանց փոխհատուցման խնդիրներին անդրադառնալը։

Անտեղի ենք համարում նաև արձագանքել Եկեղեցու հասցեին հնչեցրած Ձեր դատողություններին։ Վստահ ենք՝ հասկանում եք, որ Ձեր պաշտոնի մարդուն հարիր չէ Հայ եկեղեցու վերաբերյալ ԱԺ ամբիոնից հանդես գալ նման խոսույթով և ժխտողական վերաբերմունք գեներացնել ազգային/պետական այնպիսի մի կառույցի հանդեպ, ինչպիսին է Հայ Եկեղեցին։ Պարզապես չենք ցանկանում, որպեսզի արդեն իսկ մեր կյանքում արմատացած ատելության խոսքը, չարությունն ու մերժողականությունը նոր ծավալներ ընդունեն։ Ընդհակառակը, ուրախ կլինեինք, որ իբրև ԱԺ նախագահ անձամբ շահագրգռված լինեիք միջոցներ ձեռնարկելու ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ։

Ցանկանում ենք շեշտել միայն, որ որևէ ոլորտ կամ ասպարեզ ներկայացնող անձի կամ թե Հայ Եկեղեցու որոշ հոգևորականների հետ Ձեր կամ Ձեր կուսակից մի քանի ընկերների անհամաձայնությունը չպետք է պատճառ հանդիսանա՝ թիրախավորելու տվյալ ասպարեզը, այս դեպքում՝ Հայ Եկեղեցին և հայ հոգևորականությանը։ Վստահ ենք, որ Դուք ոչ բոլոր հարցերում եք համախոհ Ձեր իսկ թիմակիցների և կամ շրջապատի ու ընտանիքի բարեկամների հետ, որը մարդկային է և բնական։ Այդուհանդերձ, երբեք հրապարակային չեք թիրախավորում միմյանց այն նույն ուժով, որով այսօր հարվածում եք Հայ Եկեղեցուն և եկեղեցականներին։ Եթե հանդուրժող եք միմյանց հանդեպ կամ կարողանում եք գոնե այդպես ներկայանալ, առավել հանդուրժող և հարգալից պիտի վերաբերվեք մի կառույցի հանդեպ, որը պատմական առաքելությամբ ծառայել և շարունակում է ծառայել ազգային և պետական շահին, Ձեր նախնիներին, Ձեզ և Ձեր սերունդներին։ Ձեզ պես բարձր պաշտոն զբաղեցնող անձը պետք է ծայրահեղ շրջահայաց լինի ազգային միասնականությանը, հասարակական համերաշխությանը վերաբերող հարցերում։

Անկախ իրավիճակից՝ երկրի ու ժողովրդի փաստացի առաջնորդության պատասխանատուները պետք է լինեն ինքնաքննադատ և չվախենան մտահոգությունից ծնված քննադատական խոսք լսելուց։

Վերաբերվելով Ձեզ իբրև Հայ Եկեղեցու զավակի՝ Ձեր խորհրդածությանն ենք հանձնում Սաղմոսերգուի հետևյալ տողերը․ «Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա»։

Թող Աստված օրհնի մեր երկիրը՝ պահելով խաղաղության ու սիրո մեջ։

Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031