Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ավտոբուսի վարորդները գործադուլ են արել․ Ավինյանը հայտարարել է՝ տրանսպորտի համակարգում օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում է եղել

Մայիս 22,2024 22:11

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն ու աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են արել, վարորդներն էլ գործադուլ են հայտարարել։ Մայրաքաղաքում այսօր տեւական ժամանակ երթեւեկությունը կաթվածահար էր եղել։

Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ ընկերությունում նոր տնօրեն է նշանակվել, նա հին աշխատակիցներին հեռացնում է աշխատանքից, այն էլ՝ անհիմն։

Ցույցի մասնակիցներն ասել են, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի նոր տնօրեն է նշանակվել Սամվել Ղազարյանը, որն աշխատանքից ազատել է գլխավոր ինժեներին՝ Անդրանիկ Մանուկյանին, եւ մի քանի աշխատակցի։

Նոր տնօրենի գործելաոճը ընկերության աշխատակիցների ու վարորդների դժգոհությունն է առաջացրել, նրանք ասել են, որ երկար տարիների աշխատանքային փորձ ունեն, սակայն այս մարդկանց գրչի մի հարվածով հեռացնում են աշխատանքից՝ որեւէ պատճառ չներկայացնելով․ «Նոր տնօրենն էլ վարչության պետի մարդն է։ Եկել է ու փոխանակ պարզի՝ ինչ խնդիր է, ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ, ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու»

Երեւանի քաղաքապետարանը այս բողոքի ցույցը համարում է սամոբտաժ, այսօր քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի զեկույցից պարզ դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ավելի խիստ հսկողության արդյունքում ուղևորափոխադրումների շաբաթական հասույթներն աճում են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը ըստ էության դիտարկում է որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող իրական և բովանդակային բարեփոխումների»։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է գործադուլ հայտարարած վարորդների հետ։ Ավինյանը վարորդներին խոստացել է, որ կընդունի Անդրանիկ Մանուկյանին․ «Ինչքան էլ պարոն Մանուկյանը լավը լինի, երեւանցիները որ հիմա հազարներով կանգառներում սպասում են, ավելի կարեւոր են մեզանից։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է էս քաղաքին, երբ մեկս սկսում է վատ աշխատել, ողջ համակարգը սկսում է քանդվել։ Հիմա մարդիկ կանգառներում սպասում են։ Սա թայֆաբազություն չի, չէ՞, ընտանի՞ք է, չէ՞։

․․․Ես պարոն Մանուկյանին առանձին ընդունելու, լսելու եմ իրեն, ստուգելու եմ իր բոլոր ասածները, եթե ճիշտ եղավ, կվերականգնեմ պաշտոնին, եթե ոչ, ապա կներեք, ճիշտ որոշում է կայացվել։ Ո՞նց է ստացվում, որ մարտին մեր հավաքագրումը կազմել է 20 միլիոն 500 հազար դրամ միջին օրականը, ապրիլին կազմել է 24 միլիոն 500 հազար դրամ․ սրանք հարցեր են, չէ՞։ Օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում ենք ունեցել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031