Լրահոս
Օրվա լրահոսը

Շատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվել

Մայիս 22,2024 19:30

Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է խիստ միջոցներ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից տրվող նախագծային նոր լուծումներին համապատասխան։ Այդ նպատակով մայիսի 21-ին շինհրապարակ են այցելել Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունիք մարզպետարանի, հեղինակային հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչները։ Կախված արձանագրված խնդիրների բնույթից՝ նրանք տվել են ամբողջական կամ մասնակի քանդման և վերականգնման ցուցումներ։

«Ամբողջությամբ քանդվում են մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բետոնե բլոկներից կառուցված արտաքին պատերը, մասնակի քանդվում են երկաթետոնե դիաֆրագմաները, ինչպես նաև քանդվում են ուժեղացման ոչ ենթակա սյուները, երկաթետոնե դիաֆրագմաները և բետոնե բլոկներով կառուցված պատերը»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գևորգ Խրիմյանը՝ հավելելով, որ շինարարական ընկերությունը ենթարկվելու է պայմանագրով նախատեսված տուգանքների։

Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ պայմանագրային պարտավորությունները կատարել պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցումը հստակ է՝ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։

Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները շինհրապակ կատարած այցերի ընթացքում պարզել էին, որ օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են մի շարք թերություններով։ Արդյունքում տրվել էր դպրոցի ծածկը քանդելու ցուցում։ Արձանագրվել էին նաև նախագծային բազմաթիվ շեղումներ միաձույլ երկաթբետոնե սյուների բետոնացման, տանիքի մետաղական կոնստրուկցիաների տեղադրման և այլ գործընթացներում։

Խնդրի լուծման համար Քաղաքաշինության կոմիտեն ձևավորել էր հանձնաժողով, որի կազմում կոմիտեի մասնագետներից բացի ներառվել են նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերության մասնագետները, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հանձնաժողովը տեղում կատարել է ակնադիտական ուսումնասիրություն և համապատասխան տեխնիկական միջոցներով ստուգում, ինչի արդյունքում հաստատվել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են նորմերի խախտումներով։ Կապալառու ընկերությանը տրվել է վերջին հնարավորությունը՝ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Գրիգորյանշին» ՍՊ ընկերության միջև 2020թ․ օգոստոսի 25-ին կնքվել է պայմանագիր։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ․ նոյեմբերին։ Աշխատանքային նախագծով նախատեսված է կառուցել 144 աշակերտի համար նախատեսված տիպային (մոդուլային) դպրոցի շենք, որի երկու սենյակները ծառայելու են որպես նախակրթարան։

Ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գրիգորյանշին» ՍՊ ընկերությունը, հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Շինսերտիֆիկատ» ՍՊ ընկերությունը։

 

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031