Լրահոս
Օրվա լրահոսը

«7-րդ դարի եկեղեցին ճանաչել են ապօրինի կառույց եւ փոխանցել թեմերից մեկին՝ իբրեւ սեփականություն՝ Հայ առաքելական եկեղեցու ուղղորդմամբ». Փաշինյանի արձագանքը

Մայիս 22,2024 18:50

Երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե եկեղեցին պետք է հարկել, ասել էր. «Հետխորհրդային երկրներում, նույնիսկ նախկին սոցիալիստական երկրներում, մինչև այսօր պետությունը եկեղեցուն վճարում է մեծ գումարներ՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ Միակ եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը ոչ մի լումա չի ստացել՝ իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։ Հիմա, փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են՝ պիտի հարկենք»։

Սրբազանը հիշեցրեց, որ 19-րդ դարի եկեղեցիներ ունենք այսօր, որոնք այս կամ այն ճանապարհով բռնագրավված են, ավերակների են վերածված. «Հայ եկեղեցու «գույքը»՝ հոգևոր-մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն՝  այն տեսքով, ինչ տեսքով բռնագրավվել են։ «Մոսկվա» կինոթատրոնի տեղում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է եղել, որը Սովետական միության ժամանակ  գետնին են հավասարեցրել, Կաթողիկե եկեղեցու կեսից ավելին չկա, և այս ամենի դիմաց ոչ մի անգամ պետությունը  հատուցում չի արել»:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ սրբազանի հայտարարությանը, ասաց. «Հայ Առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ ՀՀ-ի ու այլ պետությունների վերաբերմունքը նույնանում է: Ես հիշեցի, որ եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացրել եւ ներկայացնում է: Ամենեւին չեմ զարմանա, եթե այդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաեւ ՀՀ-ի նկատմամբ: Սա բավականին խոսուն փաստ է»:

Նա ասաց, որ առաջարկել է ժամանակին, որ ՀՀ կառավարությունը եկեղեցու հետ նախագիծ անի, որովհետեւ հարյուրավոր պատմամշակութային արժեք ներկայացնող եկեղեցիներ ուղղակի փլուզվում են. «Չգիտես ինչու, այդ թեման հետաքրքիր չի եղել Հայ առաքելական եկեղեցու համար: Ենթադրում եմ, որ դրա համար կա մի ֆունդամենտալ պատճառ, որ կառավարության կողմից արված ներդրումները, ինչպես եւ եկեղեցու կողմից արված ներդրումները պետք է լինեին թափանցիկ եւ հաշվետվողական: Իսկ դա գործնականում միշտ չի հնարավոր լինում»:

Նա ասաց, որ ՀՀ կառավարությունը վերջերս մի տարօրինակ փաստ է հայտնաբերել. «7-րդ դարի պատմամշակութային հուշարձան եկեղեցին  Հայ առաքելական եկեղեցու ուղղորդմամբ եւ խնդրանքով համայնքներից մեկը ճանաչել է ապօրինի կառույց եւ որպես ապօրինի կառույց փոխանցել է թեմերից մեկին՝ որպես իր սեփականություն: Բայց հիմա մենք դատական հայց ենք ներկայացրել, որ վերադարձնենք պետությանը եւ ժողովրդին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031