Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չես բանակցում, քո փոխարեն որոշումն ընդունում են ուրիշները

Մայիս 22,2024 17:25

Ինչպես պահպանել սուբյեկտայնությունը

1992-1994 թվականների պատերազմի ժամանակ առաջին նախագահը պարբերաբար ասում էր օտարերկրյա դիվանագետներին եւ լրագրողներին, որ խաղաղության հասնելու «տեխնոլոգիան» պետք է բաղկացած լինի երկու փուլերից՝ սկզբից հրադադար առանց որեւէ նախապայմանների, հետո կարգավորման վերաբերյալ բանակցություններ: Եվ ոչ թե հակառակը, որովհետեւ հնարավոր չէ խոսել ապագա կարգավորման տարրերի մասին, երբ մարտական գործողությունները շարունակվում են։

2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն եղավ (ուրիշ հարց, որ այդ հայտարարության շատ կետեր հետագայում չէին կատարվում): Հրադադարի պայմաններն ինքնին մեզ համար չափազանց անբարենպաստ էին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի ղեկավարը ոչ մի պատկերացում չուներ (եւ չունի) արտաքին քաղաքականության, դիվանագիտության, պետությունը ղեկավարելու մասին՝ մանավանդ պատերազմական վիճակում: Բայց բոլոր դեպքերում զինադադարը կնքվեց:

Դրան պետք է հաջորդի քաղաքական կարգավորումը: Եվ այստեղ էլ  Հայաստանի իշխանությունն ընտրեց վատագույն տարբերակը: Բանակցություններ, ըստ էության, չկան. Հայաստանը պարբերաբար կատարում է Ադրբեջանի պահանջները, որոնց մի մասը, իմ կարծիքով, առավել նվաստացուցիչ է՝ փոխել Սահմանադրությունը, օրենքները եւ պետական խորհրդանիշները:

Այդ անվերջ զիջողականությունը, իմ գնահատմամբ, արկածախնդրություն է, որը տանում է պատերազմի: Նույնպիսի արկածախնդրություն կլիներ, իհարկե, բանակցություններից հրաժարվելը: Ադրբեջանի հետ անհրաժեշտ է բանակցել եւ հաշտության գալ: Հակառակ դեպքում մեր փոխարեն, ըստ էության, բանակցելու են ուրիշները, եւ հետո մեզ դեմ կտան իրենց որոշած տարբերակը: Ամենավատ բանը, որը կարող է լինել, սուբյեկտայնության կորուստն է:

Այս ամենը ես հիշեցի, որովհետեւ, կարծես թե, մոտենում է ռուս-ուկրաինական հրադադար հաստատելու պահը: Չեմ ասում, որ դա վաղը տեղի կունենա, պատերազմը կարող է եւս մի քանի ամիս տեւել: Բայց, իմ տպավորությամբ, կան Ռուսաստանից, Չինաստանից եւ ԵՄ-ից եկող համապատասխան ազդակներ:

Եվ դարձյալ ինձ թվում է, որ պետք է գործի երկու փուլերի սկզբունքը՝ սկզբից հրադադար, հետո կարգավորման մասին բանակցություններ: Ոչ թե այնպես, ինչպես 2022 թվականի մարտին Անթալիայում եւ Ստամբուլում էր, որտեղ քննարկվում էին տարածքների եւ Ուկրաինայի կարգավիճակի հարցերը:

Ինձ թվում է, տեսանելի ապագայում հնարավոր կլինի հրադադար կնքել՝ այնպես, որ կողմերից ոչ մեկը դեմքը չկորցնի: Ընդունել ներկայիս «ստատուս-քվոն»՝ ուկրաինացիների համար ծանր կլինի: Բայց այս դեպքում նույնպես կարելի է արձանագրել, որ բանակցություններից հրաժարվելը կբերի, ի վերջո, նրան, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ինչ-որ բան կպայմանավորվեն՝ առանց Ուկրաինային հարցնելու: Եթե որեւէ մեկին թվում է, որ այդ երկրները երբեք չեն պայմանավորվի, նա ծանոթ չէ ո՛չ պատմությանը, ո՛չ դիվանագիտությանը:

Ընդհանրապես, ես զգում եմ պրագմատիզմի որոշակի միտում թե՛ մեծ տերությունների, թե՛’ օրինակ, հարեւան Վրաստանի դեպքում: Որքան էլ հուժկու լինեն ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի դեմ բողոքները, այդ կառավարության համար, որքան հասկանում եմ, սուբյեկտայնությունն առաջնային է: Իսկ դա, կրկնեմ, ենթադրում է սեփական, առանձին հարաբերություններ «խնդրահարույց» երկրների հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031