Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք վերարտադրել ենք գետնի վրա սահմանը՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան

Մայիս 22,2024 17:17

«Վերջերս անընդհատ շահարկվում է Կիրանց գյուղից ճանապարհի հարցը, խոսվում է միակողմանի զիջումների վերաբերյալ ու այն ջանքերը, որը գործադրում է կառավարությունը սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում հարցերի վերջնական լուծման համար, հիմնականում մնում են ընդդիմադիր կեղծ աղմուկի ներքո: Ի՞նչ փուլում է գտնվում Կիրանցի ճանապարհի կառուցումը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի, որովհետեւ եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում համարելը առնվազն տրամաբանական չէ, ես դա կհամարեի հաջողություն, որովհետեւ ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն՝ բանակցային եղանակով ձեւավորում է սահման, վերարտադրում է սահման եւ դնում է ՀՀ անկախության, ինքնիշխանության, պետականության հետագա զարգացման համար կարեւորագույնն անկյունաքար: Ինչու եմ ես ասում, որ մենք վերարտադրում ենք սահմանը, որովհետեւ 1991 թ.-ին Ալմա-Աթայի հռչակագրին միանալով, արձանագրությունը ստորագրելով՝ ՀՀ-ն  եւս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքը անկախ պետություն ստանում է Երրորդ Հանրապետության, այսինքն, ԽՍՀՄ սահմաններով: Հռչակագրում արձանագրվել է սահմանների անխախտելիությունը: Իսկ 1991 թ.-ի դրությամբ Հայկական ԽՍՀ-ի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ գոյություն են ունեցել սահմաններ: Մենք այսօր բարձրացրել ենք սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, վերարտադրել ենք գետնի վրա այդ սահմանը՝ որդեգրելով՝ «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը: Այս գործընթացի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին: ՀՀ ինքնիշխան տարածքը ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներում»:

Նա ասաց, որ սահմանազատման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Անվտանգության խորհրդի եւ ընդարձակ այլ ֆորմատներով տասնյակ քննարկումներ են տեղի ունեցել. «Մեր այդ որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր կողմից նշմարվող որոշումները դե յուրե հիմնավորված: Ես որեւէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորվածության մեջ, որովհետեւ դրանց իրավական լինելը արձանագրվել է մեր պետական ինստիտուտներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031