Մայիսի 22-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը, որը զբաղվում է ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական կարգավորումների գնահատմամբ։
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Քաղաքական հարցերի և ժողովրդավարական տնօրինության Տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Բերտրան Լըվան, Հանրային քաղաքականության և մեդիայի կարգավորման միջազգային փորձագետ, առաքելության արդյունքների զեկուցող Ժան Ֆրանսուա Ֆուրնեմոն, Մոլդովայի տեսալսողական խորհրդի փոխնախագահ Անետա Գոնտան, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ՖՄԿ ներկայացուցչության (REPECO) ծրագրի պատասխանատու Էլիզ Զային։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ հայտնելով իր պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցության շրջանակը։
Պատվիրակները հետաքրքրվել են, թե ապատեղեկատվության դեմ պայքարում ի՞նչ գործառույթներ է իրականացնում ԿԸՀ-ն, և որքանո՞վ է հավանական, որ ապատեղեկատվությունը կարող է խաթարել ընտրական գործընթացը։
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահը հայտնել է, որ ՀՀ օրենսդրությունում և հատկապես Ընտրական օրենսգրքում առկա են բազմաթիվ կարգավորումներ, որոնք միտված են թույլ չտալ կամ առնվազն նվազեցնել կեղծ տեղեկատվության տարածումը և ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։ Մանրամասն ներկայացվել են օրենսդրական կարգավորումները, որոնք ամբողջությամբ կիրառվում են։ Կեղծ տեղեկատվության դեմ պայքարի տեսանկյունից՝ հատկապես ընտրական շրջափուլում, ամենաարդյունավետ միջոցը ԶԼՄ-ների հետ օպերատիվ համագործակցությունն է, համաժամանակյա մոնիթորինգը, և օպերատիվ տեղեկատվություն հաղորդելը։
Վահագն Հովակիմյանը նաև հայտնել է, որ կարևորելով ապատեղեկատվության դեմ պայքարը, ԿԸՀ հնգամյա գործունեության ռազմավարության նախագծում առանձնահատուկ անդրադարձ կա ապատեղեկատվության դեմ պայքարին։
ԿԸՀ