«Կիրանցցիներին անբացատրելի գումարներ են առաջարկել այս ընթացքում, ասել են՝ թղթի վրա ինչ թիվ ուզում եք գրեք: Տարբեր մարդկանց կանչել են տարբեր «հաստատություններ»՝ մարդկանց հետ «աշխատելու»: Ահաբեկիչը ո՞նց է լինում, պատանդառության մեջ է վերցնում մարդկանց խումբ, հետո սկսում պայմանները թելադրել: Կիրանցի ժողովրդին ասել են՝ այլընտրանք չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա վստահեցրեց, որ մարդկանց տեռորի են ենթարկում իշխանությունները ու կարող է մարդ լինի, նյարդերը տեղի տան, «վաճառվի». «Գյուղ չկա, որ շուն չլինի, բայց 99% մարդիկ դժգոհ են, ես չեմ տեսել գեթ մեկը, որ այս պրոցեսներից գոհ է, ընդամենը կարող է լինեն մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանք չկա, այլընտրանքը գումարը վերցնելն է»: Նա ասաց, որ մարդկանց ասել են, թե սահմանը հիմա այստեղով է անցնում, բայց որ մի-երկու հատ էլ միտինգ անեք, կարող է Ալիեւը ջղայնանա, ու սահմանն ավելի ներքեւով անցնի. «Պատկերացնո՞ւմ եք սրանց ճղճիմությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ