«Չկա նման բան, որ մեկուսացված ենք ու չենք շփվում Փաշինյանի հետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ նա ասաց. «Եթե դուք դա շարժում եք համարում, շատ լավ, մենք շարժում չենք համարում»: Հարցին՝ եթե շարժում չեք համարում, ինչի եք ՔՊ ֆեյսբուքյան էջում անհանգստության նշաններ ցույց տվել, մտահոգվել մայիսի 9-ի հանրահավաքից՝ նա պատասխանեց. «Ես նման անհանգստություն չեմ տեսել»:
Նա ասաց, որ ՔՊ-ին իշխանափոխ անելու պահանջարկ չկա. «ՀՀ քաղաքացին շատ լավ գիտի, որ ընտրությունների միջոցով հնարավորություն ունի ձեւավորել իշխանություն»: Իսկ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների դիրքորոշման հետ կապված ասաց, որ Քոչարյանի հանրահավաքներն էլ բազմամարդ էին, արդյունքում կա «Հայաստան» խմբակցություն, որը փոքրամասնություն է կազմել:
Լրագրողները փոխանցեցին Նաիրա Զոհրաբյանի խոսքը, որ որոշ ՔՊ-ականեր միջանձնային զրույցներում ասում են՝ հումանիտար միջանցք է պետք Փաշինյանին անվստահություն հայտնելու համար, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Երբ Բաղրամյան պողոտան ամիսներ շարունակ փակել էին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ էին անում, այդ ժամանակ նույնպես հարթակից հնչում էին այդպիսի հայտարարություններ, որ ահա արդեն մեր հետ կապ են հաստատել ՔՊ-ականներ, փնտրում են ինչ-որ ճանապարհներ, թե ինչ եղավ հետո՝ տեսանք բոլորս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ