Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի ասուլիսն էր մեր խորհրդարանում:
«Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Առաջին անգամ ես այստեղ էի՝ որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության անդամ, բայց երբ դարձա խորհրդարանի խոսնակը, ասացի՝ պիտի նորից այցելեմ, որովհետեւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեր տարածաշրջանում վերջին տարվա ընթացքում, ինձ դրդեց դրան: Սա ցույց է տալիս ՀՀ-ի ու Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին: Մենք ունենք շատ ակտիվ խորհրդարանական բարեկամական խմբեր, որոնք այցելություններ են կատարում, նաեւ կառավարության մակարդակում ունենք հրաշալի քաղաքական երկխոսություն ՀՀ ԱԳ նախարարի հետ»,- ասաց Կլոդ Վիզլերը:
Նա հայտարարեց. «Հայաստանը մեր աջակցությունն ունի իր՝ ժողովրդավարության անցման ճանապարհին: Մենք ողջունում ենք Հռոմի ստատուտի վավերացումը: Լյուքսեմբուրգի խորհրդարանում մենք հաճախ ենք խոսում Հայաստանի մասին, բոլոր միջնորդությունները ու բոլոր բանաձեւերը, որ մենք ընդունել ենք, միաձայն ենք ընդունել: Սա նշանակում է, որ մեր աջակողմյան եւ ձախակողմյան կողմերը, բոլոր կուսակցությունները միաձայն են այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում: Մենք քվեարկեցինք այն բանաձեւի համար, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մենք հստակ ենք այդ հարցում նույնպես: Մենք մեկ ամիս առաջ քվեարկեցինք եւ ընդունեցինք բանաձեւ, որտեղ ցույց ենք տալիս մեր հարգանքը միջազգային օրենքի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ կապված ու գտնում ենք, որ այդ որոշումը պետք է ամբողջապես իրականացվի: Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը, եթե անհրաժեշտություն լինի, կջատագովենք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտի լուծման հարցում: Մենք պահանջում ենք, որ խաղաղության համար ուղված գործողությունները, ռազմագերիների եւ անհետ կորածերի ազատ արձակումը նախապայման լինի խաղաղության պայմանագրի համար»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Ադրբեջանը դժգոհությամբ ընդունեց Լյուքսեմբուրգի խորհրդարանի՝ հայանպաստ որոշումները, ասում էին՝ Ադրբեջանի ներքին գործերին եք միջամտում, դուք ինչպե՞ս կարձագանքեք Բաքվից եկող դժգոհություններին՝ նա պատասխանեց. «Ես չպետք է մեկնաբանեմ որեւէ դատապարտող խոսք, մենք մեր աշխատանքն ենք անում: Մենք ունենք հստակ դիրքորոշում եւ չկա որեւէ մեկը, որ մեզ կարող է հետ պահել»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց. «Հայկական կողմն իր դիրքորոշումը բազմիցս ներկայացրել է: Այդ դիրքորոշումից բխող տրամաբանությամբ բանակցում ենք: Լիահույս ենք, որ կհաջողենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ