ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցում ներկա է եղել «Նախագծային ուսուցում 2023-2024» փառատոնին:
Փառատոնը կազմակերպվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում, ըստ որի՝ 7-րդ դասարանում պարտադիր ներդրվել է նախագծային ուսուցումը: Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են 13 նախագծային աշխատանք՝ տարբեր թեմաներով: Ձևավորված տաղավարներում նախագծեր են ներկայացրել նաև դպրոցի այլ դասարանների աշակերտները: Նրանք անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ «Մեդիան որպես կապող օղակ», «Սովորենք՝ խաղալով», «Մաթեմատիկան և Հ. Թումանյանի հեքիաթները», «Տարբեր մարմինների արագությունները», «Երկրաչափական պատկերները հայկական զարդանախշերում», «Արդյոք թափոնը աղբ է» և այլն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շրջել են տաղավարներում, զրուցել աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ փոխնախարարի գնահատմամբ՝ աշակերտների ոգևորությունն իրականացրած աշխատանքների նկատմամբ խոսում է նախագծային ուսուցման հաջողության մասին: Ուսուցիչների աջակցությամբ կատարված թեմաների ընտրությունը փաստում է, որ նախագծային ուսուցումը նպաստում է սովորողների թիմային աշխատանքի և մտածողության ձևավորմանը, մեկ նպատակի շուրջ համախմբմանը և տվյալ թեմայի շուրջ համապարփակ գիտելիքի ձեռքբերմանը:
Փառատոնի շրջանակում դպրոցի աշակերտները հայերենով և ռուսերենով հանդես են եկել փոքրիկ բեմականացմամբ:
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանն այցելել են նաև Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 և Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցներ: Նրանք տեղում ծանոթացել են պետական ֆինանսավորմամբ վերակառուցված մարզադահլիճների ընդհանուր վիճակին, կահավորմանը, առկա խնդիրներին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ