Իրանի նախագահ Այաթոլլա Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և աղետալի վթարի պատճառով պատվիրակության այլ անդամների մահվան առիթով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը սգո մատյան է բացվել, որտեղ դիվանագետներն ու տարբեր անհատներ ցավակցական գրառումներ են կատարում:
«Շատ ցավալի եւ ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար: 24 ժամվա ընթացքում, ինչ տեղի է ունեցել այդ դեպքը, մենք ողջ աշխարհից, մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ, ինչպես նաեւ մեր ազգի բարեկամ Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողմից», – լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թոհերին:
Փոխդեսպանի խոսքով. «Պատմությունը ցույց է տվել, որ մենք եւ դժվարին պահերին, եւ ուրախության պահերին միշտ միմյանց կողքին կանգնած ենք եղել, եւ սա նաեւ այդ դեպքերից մեկն է, ու վառ ապացույցն է, որ մեր կողքին եք: Ես դեսպանի ու դեսպանատան կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ կառավարությանը այս զորակցության համար, Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում եւ ծաղկուն օրեր: Անձամբ ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԶԼՄ-ներին, որ մեր կողքին են եղել եւ տեղի ունեցածը փորձել են լուսաբանել:
Անշուշտ տեղյակ եք, որ մեծարգո վարչապետը դեսպանի հետ մեկնել է Իրան մասնակցելու հրաժեշտի արարողությանը, որը Թեհրանում է կազմակերպված»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ