Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ լեգիտիմությունից եք խոսում, ձեր միակ լեգիտիմությունը, որը փնտրում եք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքն է»․ Արթուր Խաչատրյան

Մայիս 22,2024 11:24

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ելույթին․ «Պարոն Սուքիասյան, չափը որոշվում է օրենքով եւ ոչ թե օրենքը խախտելով։ Այն, որ երեկ երեկոյից ԱԺ բակում փշալարով մեքենա է կանգնած, այդպե՞ս եք չափը գծում։ Կամ, որ Կիրանցում ոստիկանները փակել են, եւ ասում ենք՝ ինչի՞ հիման վրա եք փակել, ասում են՝ հրաման ենք կատարում, այդպե՞ս եք չափը գծում»։

Արթուր Խաչատրյանը հավելեց․ «Պարոնայք եւ տիկնայք ՔՊ-ականներ, դուք սխալվում եք, սխալ եք հասկացել Ջորջ Օրուելի վեպը, Ջորջ Օրուելն այդ վեպը գրել է՝ որպես նախազգուշացում դիկտատուրայի, վոլյունտարիզմի, տոտալիտարիզմի դեմ։ Ինքը դա չէր գրել որպես պետական կառավարման ուղեցույց։ Այդ վեպում կար ճշմարտության նախարարություն, որը որոշակի քարոզում էր, ասում էր՝ պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունը ուժ է։ Դուք՝ հավատարիմ Օրուելի հակացուցումներին, նմանատիպ պոստուլատներով եք փորձում մարդկանց ուղեղը լվանալ։ Ասում եք՝ կեղծիքը լեգիտիմություն է, զիջումը նվաճում է եւ շեդեւր, կապիտուլյացիան հաղթանակ է։ Ասում է՝ ոչ թե 4 հանձնել ենք, այլ մենք 4 գյուղ գրավել ենք, Ադրբեջանից խլել ենք մեր դեմ կռիվ սկսելու լեգիտիմությունը։ Ժողովուրդ, Ադրբեջանը ե՞րբ է լեգիտիմություն փնտրել կռիվ  սկսելու համար։ Այդ ի՞նչ լեգիտիմությունից եք խոսում, լեգիտիմությունը չեք էլ երաշխավորել, չկա։ Ձեր միակ լեգիտիմությունը, որը փնտրում եք, Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքն է։ Ադրբեջանին կարգել եք որպես լեգիտիմության եւ անվտանգության երաշխավոր»։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հայտարարելով, թե լեգիտիմ քայլեր են անում, իրականում Ադրբեջանի ոչ լեգիտիմ քայլերն են խրախուսում։ «Բայց ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե իր կրեդոյին հավատարիմ չլիներ՝ մեղավոր են բոլորը, իրենցից բացի։ Հիմա էլ ասում են՝ կիրանցիներն են մեղավոր, այ եթե կիրանցիները չբողոքեին, չընդվզեին, որ իրենց հողն ու երկիրը տալիս են թուրքին, քարտեզն ավելի լավը կլիներ։ Ավանսով ինդուլգենցիա եք առնում, որովհետեւ հայտարարում եք, ասում եք՝ սահմանազատումը լինելու է նույն սկզբունքով, իսկ նույն սկզբունքը միակողմանի կապիտուլյացիան է։ Ժողովրդին վախենցում եք, ասում եք՝ դուք էլ չընդվզեք, որովհետեւ ավելի վատ կլինի։ Մի հատ էլ Ադրբեջանին ասեք՝ ավելի վատ կլինի»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նաեւ անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե արցախցիներն են հանձնել Արցախը։ «Ասում են՝ մեղավոր են ղարաբաղցիները, որ Ղարաբաղը տվեցին։ Հարյուր հազար ղարաբաղցի պետք է կռվեր 10 մլն Ադրբեջանի դեմ, այն պարագայում, երբ առաջին անգամ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Ձեր կառավարության օրոք է ընդունվել Ազգային անվտանգության ռազմավարությունը, դուք ձեր սկզբունքներին դավաճանեցիք։ Դուք ձեր ընդունած փաստաթղթին դավաճանեցիք։ Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Ի՞նչ քաղաքականություն են վարում Ադրբեջանն ու Թուրքիան, պարզ է՝ կլանել Արցախը։ Ի՞նչ քաղաքականություն է վարում ՀՀ-ն։ Երբ մենք այստեղ խոսում էինք 2022 թվականի դեկտեմբերի հայտարարության մասին, հիշո՞ւմ եք, տիկին Կարապետյան, ի՞նչ ասացիք, ասացիք՝ Հայաստանն Արցախի պատանդը չէ։ Այստեղ ասացիք՝ Հայաստանն Արցախին գրավ չենք դնի։ Ես էլ ասացի՝ այդ երկու տղամարդկանց մեջ միակ տղամարդը Մարիա Կարապետյանն էր։ Փաշինյանը հայտարարում է, ասում է՝ Արցախը թոկ էր Հայաստանի վզին։ Բնականաբար, եթե թոկ էր, պետք է այդ «պավադոկը» կտրել։ Եվ կտրվեց այդ թոկը, եւ այստեղ տեղի ունեցավ շահերի զուգամիտում, մեկին պետք է մեղավոր կարգեին, եւ այստեղ Արայիկ Հարությունյանը հետ է քաշվում, կոնսենսուսով ընտրվում է Ղարաբաղի նախագահ, եւ 10 օր հետո Ադրբեջանը հարձակվում է։ Շահեց Ադրբեջանը, շահեց Հայաստանի այսօրվա կառավարությունը։ Դա ձեր երկու կուսակցությունների՝ ՔՊ-ի եւ Նոր Ադրբեջան կուսակցության շահերի համադրման հրաշալի օրինակ է։ Հիմա եկել դարդ եք անում՝ վայ, մեր տնավեր քույրեր, եղբայրներ։ Այդքան մտածում էիք, այս խորհրդարանում դուք չընդունեցիք Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա հավելեց․ «Բանը հասել է նրան, որ ապրիլի 24-ի ուղերձով Փաշինյանը մեղադրում է զոհերին, ասում է՝ պետականություն չունեցող ժողովուրդը զոհ դարձավ։ Թուրքերը մեղք չունեն, հա՞։ Բանը նրան հասավ, որ նույնիսկ Լեմկինի ինստիտուտը ձեզ քննադատեց այդ կեղծարարության համար։ Հիմա դուք եկել խոսում եք՝ ուզում ենք հզոր պետություն, հզոր բանակ, ո՞վ չի ուզում, բայց բանակն է հզոր, թե՞ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը այն պետությունից, որը ստացել եք, առնվազն 208 քկմ-ով պակաս է»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031