2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:
Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափահասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ