Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր պահից է դատախազը հանդես գալիս որպես «վարույթ իրականացնող մարմին»

Մայիս 22,2024 13:00

2024 թվականի ապրիլի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նախադեպային դիրքորոշում է կայացրել, հիմքում դնելով Արտեմ Խաչիկյանի գործը: Այդ որոշմանն այս օրերին հղում են անում նաեւ քրեական գործերով մասնագիտացված փաստաբանները, կան նաեւ հակասական կարծիքներ, մասնավորապես, որ Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր իրավասություններից, «վարույթ իրականացնող մարմին է կարգել հսկող դատախազին», «խախտել դատարանի անկախության սկզբունքը», «ընդլայնել է» դատախազի նախատեսված լիազորությունները:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը կարող է ենթակա լինել մերժման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ միջնորդությունը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարանում չպնդելու պատճառաբանությամբ՝ այն դեպքում, երբ քննիչը կալանքի կիրառման միջնորդությունը ներկայացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր լիազորությունների շրջանակում եւ դատարանում դատալսումների ընթացքում չի պնդում իր իսկ ներկայացրած միջնորդությունը՝ «հիմնավոր կերպով պատճառաբանելով միջնորդությունը չպնդելու հանգամանքները»: Այդ հանգամանքները այնպիսի փաստական տվյալներն են, որոնք նախքան խափանման միջոց կիրառելու վարույթ հարուցելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելը հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին…

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ քննիչի վարութային հարաբերական ինքնուրույնությունը պայմանավորած է մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությամբ, որն արտահայտվում է հսկող դատախազի՝ քննիչին հանձնարարություն տալու իրավասությամբ, «քննիչի անօրինական եւ անհիմն որոշումները վերացնելու լիազորությամբ» եւ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազին վերապահված այլ լիազորություններով։

Այն պայմաններում, երբ քննիչի կողմից կայացված՝ անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու մասին որոշումը վերացվում է հսկող դատախազի կողմից՝ միաժամանակ քննիչին հանձնարարելով դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն, եւ քննիչը, օժտված լինելով հսկող դատախազի վարութային գործողությունների դեմ վերադաս դատախազին առարկություններ ներկայացնելու լիազորությամբ, սպառում է որպես վարույթի հանրային մասնակցի իր ինքնուրույն գործելու քրեադատավարական մեխանիզմները, ապա այդ պահից դատարանին ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննիչի կողմից պնդելու կամ չպնդելու հանգամանքն այնքանով էական նշանակություն չի ունենում, որքանով, որ հսկող դատախազը դատալսումների ընթացքում ներկայացնում է իր դիրքորոշումները եւ հանդես է գալիս որպես վարույթ իրականացնող մարմին՝ ում հանձնարարության ուժով քննիչը դատարանին է ներկայացնում խափանման միջոց կիրառելու, ինչպես նաեւ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

«Առավոտի» տեղեկություններով՝ վճռաբեկ բողոքը գրավոր ընթացակարգով էր:

Խաչիկյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ «Հանցագործության մասին» հաղորդմամբ: Դատախազն այդ ժամանակ Արթուր Դավթյանն էր: Ա. Խաչիկյանին գրավոր պատասխանել էր դատախազության վարչության ավագ դատախազը, ինչը չէր գոհացրել դիմումատուին, եւ նա դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանը մերժել էր ընդունել դիմումը, իսկ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բողոքը բավարարելու, բեկանելու, Խաչիկյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք էր բերել նախկին դատախազ Ա. Դավթյանը: Ըստ վերջինի, վերաքննիչ դատարանը թույլ էր տվել դատական սխալ եւ որ դատական ակտն էլ հակասում էր Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:

Դավթյանը վճռաբեկ բողոքում հայտնել էր, որ քննիչի որոշման դեմ առկա անհամաձայնությունները չեն կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում, դա չի կարող դիտվել՝ որպես հանցագործության մասին հաղորդում տվողի իրավունքների խախտում:

Ըստ Վճռաբեկ դատարանի. «Քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող գործունեության առթիվ քրեական վարույթի նախաձեռնումը կախված է կայացված որոշման կամ կատարված գործողության՝ քննիչի կարգավիճակից առերեւույթ չբխող լինելու հիմնավորումից։ Այսինքն՝ քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող ընթացակարգի առթիվ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ առկա տեղեկություններով՝ փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը ողջամտորեն կարող է տրվել քննիչի կարգավիճակի հետ կապված չլինելու, եւ միաժամանակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:

Վճռաբեկ դատարանը կարեւորել էր այն, որ քրեական վարույթ նախաձեռնելու կառուցակարգը չի կարող գործադրվել, եթե հանցանքի մասին հաղորդումն առերեւույթ բովանդակում է քրեական վարույթի շրջանակում քննիչի կայացրած (ընդունած) վարութային ակտերի՝ քրեադատավարական օրենքի պահանջներից չբխելը մատնանշող տվյալներ։ Մասնավորապես, հանցանքի մասին հաղորդմամբ փաստվող դեպքը, գործողությունը կամ անգործությունը կարող են առերեւույթ պարունակել գործով թույլ տրված դատավարական խախտումների մասին տվյալներ կամ կայացված որոշումների կամ կատարված գործողությունների առնչությամբ դատավարության մասնակցի տրված գնահատականներ:

Վճռաբեկ դատարանը եզրահանգել էր, որ վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031