Monument Watch – Առաջավոր Ասիայում և Եվրասիական տափաստաններում քարե մարդակերպ կոթողները երևան են գալիս սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից: Վերջիններս հանդիպում են Հյուսիսարևմտյան Իրանում, Կենտրոնական Ասիայում, Սիբիրում, Եվրոպայում, Մերձսևծովի շրջակայքում, Հյուսիսային Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում և այլուր։ Ըստ ամենատարածված գիտական պատկերացման` մարդակերպ այս կոթողները, իրենց բազմազանությամբ հանդերձ, շատ լայնածավալ և երկարատև մշակութային ավանդույթի տարբեր դրսևորումներն են։ Մ.թ.ա. 2 – 1-ին հազարամյակի առկա նյութերով Հայաստանն առանձնանում է որոշակի բազմազանությամբ և կարելի է ենթադրել, որ այդ բազմազանության մի դրսևորումն էլ արցախյան կոթողներն են:
Արցախի քարե մարդակերպ կոթողները երկրամասի նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: Դրանք ուղղանկյունատեսք, տափակ երկայնական սալեր են, որոնք երկու հորիզոնական ակոսների միջոցով բաժանվում են երեք մասի՝ ընդգծելով մարմնի երեք մասերը՝ գլուխը, որը զբաղեցնում է ամբողջ կոթողի 1/3-ից մի փոքր քիչ ծավալ, իրանը և ներքնամասը:
Ուսումնասիրվող տարածքը զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան հատվածը` ընդգրկելով Կուր-Արաքսյան դաշտավայրի արևմտյան մասը` Արցախի տափաստանի արևելյան հատվածը և նրանից արևելք ընկած Միլի տափաստանի ծայր արևմուտքը։
Ե՛վ մոտ զուգահեռների քննությունը, և՛ ուսումնասիրվող կոթողների որոշ պատկերագրական մանրամասներ հիմք են հանդիսանում կոթողները թվագրելու մ.թ.ա. 8-րդ – 6-րդ դարերով։
Կարդացեք նաև
Համադրելով այս տվյալները՝ կարևոր է պարզաբանել քանդակների էթնոմշակութային պատկանելության խնդիրը։