Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում կրկնվում է Արցախի սցենարը

Մայիս 22,2024 10:00

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն Կիրանցում շռնդալից հաղթանակ է տանելու: Ինձ թվում է, որ այդպես էլ կլինի: Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես գնում է, երկու տարուց այդ գյուղում կմնան միայն այն մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն: Մի մասին «կարմիր» եւ «սեւ» բերետները ծեծուջարդով կհանեն տներից, որպեսզի այդ տները տան ադրբեջանցիներին:

Մյուս մասը ժամանակի ընթացքում կթողնի գյուղը: Նրանք չեն բացականչի «վա՜յ, ինչ լավ է, որ ադրբեջանցիները ընդամենը 50 մետրի վրա են» (ինչպես առաջարկում է վարչապետը): Նրանք ծառեր չեն տնկի, որ ադրբեջանցի զինծառայողներին չտեսնեն: Չեն ցանկանա իրենց երեխաներին դպրոց տանել թշնամու նշանառության տակ: Կիրանցում կմնան մեր զինծառայողները (որոնք եւ կապահովեն ՔՊ-ի շռնդալից հաղթանակը՝ հին հայկական սովորություն է), ինչպես նաեւ տարեց մարդիկ:

Սա «բայղուշություն» չի, «Կիկոսի մահվան» պատմություն չի: Ընդամենը նախորդ փորձի (այդ թվում՝ վերջին երեք տարվա) «էքստրապոլյացիան» է այս դեպքի վրա:

Կարծում եմ, ոչ մեկի լեզուն չի պտտվի այդ մարդկանց հարցնել՝ «ինչո՞ւ թողեցիք Կիրանցը»: Չնայած հիմա կան իշխանության առավել անգութ եւ ցինիկ ներկայացուցիչներ ու քարոզիչներ, որոնք համարձակվում են այդ հարցը տալ արցախցիներին: Ինչե՜ր ասես չեն բստրի՝ սեփական մեղքը ուրիշների վրա բարդելու համար:

Այսինքն՝ ենթադրվում է, որ արցախցիները պետք է «սովորեին հաշտ ապրել ադրբեջանցիների հետ»՝ այն ադրբեջանցիների, որոնք այժմ ավերում են հայկական եկեղեցիներն ու գերեզմանները: Այն ադրբեջանցիների, որոնց ղեկավարն օրումեջ սպառնում է նոր պատերազմով:

Ի դեպ, Հայաստանի իշխանությունների այդ քարոզչությունը («ինչո՞ւ եք թողել-եկել») մեկը մեկին համապատասխանում է Բաքվի դիրքորոշմանը, ըստ որի. ոչ մի էթնիկ զտում չի եղել, այդ մարդիկ միանգամայն ապահով կարող էին ապրել իրենց տներում, բայց չգիտես ինչու (երբեմն ասում են՝ Արցախի վատ իշխանությունների պատճառով) որոշեցին գնալ:

… Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն ասաց, որ մարդիկ գնում էին Հայաստանից, որովհետեւ վախենում էին պատերազմից: Դա էլ է ճիշտ: Հիմա էլ են նույն պատճառով գնում, որովհետեւ պատերազմի վտանգը, մեղմ ասած. չի նվազել:

Գնացողը կգնա՝ այդպիսին է մարդկային էությունը: Մնացողների համար պետք է ապրելու մոտիվացիա ստեղծել: Եվ մոտիվացիայի մեջ չի կարող լինել պատրանքային «խաղաղության դարաշրջանը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    “Կիրանցում կմնան մեր զինծառայողները, … տարեց մարդիկ”
    Մոռացաք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածի մասին՝ գյուղերը լցրած ադրբեջանցիները, որոնք կարճ ժամանակում Հայաստանի քաղաքացի կդառնան:

  2. Բոլորին հայտնի, ճիշտ բաներ ասելուց հետո, Դուք համակերպում եք ընթերցողին ալիև-նիկոլ սցենարին` ‘մնացողների համար….պետք է ստեղծել’:

    Սա՞ է Ձեր ամբողջ թափը: Սա՞ է Ձեր կրկնվող սցենարը պարտվողական հոդված պատրաստելու: Հուսով եմ սխալվում եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031