«Շարժման նպատակն է իրավաբանորեն արձանագրել այս իշխանության քաղաքական վախճանը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել պետության եւ քաղաքացիների անվտանգությունը։ Եվ միայն Հայաստանում է, որտեղ իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահելն ու սեփական անվտանգության խնդիրը լուծելն է։ Ձեր կառավարման տարիների ընթացքում Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են մեր երկրի ամբողջ տարածքով, մեր երկիրը շագրենի կաշվի պես փոքրանում է մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ՝ հանցավոր անգործության հետեւանքով, ինչպես, օրինակ, Տեղ գյուղում։ Սրանք չոր փաստեր են, այլեւս պատմություն, իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում տարիներ առաջ՝ էլի հանձնեցի ճանապարհներ, տներ, եւ զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի ադրբեջանցիները։
Ավելին, Սյունիքում զիջումներից հետո ստացանք նոր հարձակումներ։ Իսկ շուռնուխցիները, ում տները հանձնվեցին Ադրբեջանին, մինչեւ այսօր մնում են առանց տների։ Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, անխոս, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներեւակայելի։ Քանդել են ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում ու հասցնում են գյուղի դպրոցից մի քանի մետր հեռավորության վրա ու մի հատ սյուն են դնում ու ասում՝ այ հիմա, ժողովուրդ դուք անվտանգ եք։
Այսինքն՝ անվտանգ չէիք, երբ կիլոմետրերով հեռու էր առաջնագիծն իրենց տներից, այ հիմա են անվտանգ։ Ցինիզմի աստիճանը տեսեք։ Կամ՝ ասում եք 25 հեկտար հող է անցնում Հայաստանի Հանրապետությանը։ Ումի՞ց է անցնում։ Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին որպես ձեռքբերո՞ւմ։ Եվ սրան զուգահեռ՝ չեք ասում գեթ մեկ երաշխիք, համաձայն որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները կանցնեն Հայաստանին։ Եվ ընդհանրապես որեւէ երաշխիք գոյություն չունի»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ այն մարդիկ, որոնք այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, իշխանությունները նրանց տարատեսակ անուններ են կպցում՝ գործակալ եւ այլն։ «Այսինքն՝ հոգևորականը, զոհվածի ծնողը, կիրանցին, ում վկայականները ձեռքին է, ասում եք՝ դուրս արի քո տնից, այն այլեւս ադրբեջանական է, գործակա՞լ են։ Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները բավարարածներն այլոց գործակալ լինելու մասին են խոսում՝ առանց որեւէ ապացույցի, զավեշտ է, էլի։ Ի դեպ՝ շարժման մեջ են նաեւ ձեր հարազատները, իրե՞նք էլ են գործակալ»,- նշեց նա։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ այսօր ձեւավորված համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցները գիտակցում են պատմական ողբերգությունները,որի միջով անցել ու անցնում ենք այս կառավարության օրոք։ «Շարունակական զիջումների, անվերջ ստի, նվաստացման, ստորացման այս շղթան պետք է ընդհատվի։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է գրել իր քաղաքական մահախոսականը, իր դատավճիռը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, ուրանալով Հայոց ցեղասպանությունը, անվերջ ստելով, զիջելով տարածքներ, պատերազմ հայտարարելով մեր ինքնության ու պատմության դեմ։ Շարժման նպատակն է իրավաբանորեն արձանագրել այս իշխանության քաղաքական վախճանը»,- հայտարարեց Աննա Գրիգորյան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ