«Բագրատ Սրբազանն անում է ամենադժվար գործը, որի պատճառով մենք մի քանի անգամ ունեցել ենք ձախողում՝ միավորում է առանց այն էլ պառակտված ընդդիմադիր դաշտը՝ նկատի ունեմ թե՛ քաղաքական կուսակցությունները, թե՛ քաղաքական կազմակերպությունները, թե՛ գործիչներին եւ վերլուծաբաններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը, որը մասնակցում էր Բագրատ Սրբազանի հետ քաղաքագետների, վերլուծաբանների, փորձագետների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով. «Իշխանությունների ամենամեծ մանիպուլյացիան եղել է այն, որ կարողացել է քաղաքական խանդի եւ որոշակի տարաձայնությունների վրա խաղալով՝ ծայրահեղ աստիճանի բեւեռացնել ընդդիմադիր դաշտը, իսկ Բագրատ Սրբազանը, Հայ առաքելական եկեղեցին արեցին անհավատալի մի բան: Բագրատ Սրբազանը միավորեց բոլորին,մի սեղանի շուրջ նրա կողքին, փողոցում, հանրահավաքներին կանգնած են մարդիկ, որոնք ռադիկալ տարբեր պատկերացումներ ունեն առանցքային շատ հարցերի վերաբերյալ, բայց բոլորն ունեն մեկ մտահոգություն՝ փրկելու հայրենիքը»:
Նաիրա Կարապետյանի ձեւակերպմամբ. «Շատ զարմանալիորեն Շուռնուխը մարսվեց իշխանությունների կողմից, եթե չմարսվեր, Արցախի հայաթափումը չէր լինի, հիմա էլ Տավուշ չէին հասնի, հետագա զարգացումները չէին լինի: Այսօր հավաք է վերլուծաբանների եւ քաղաքական վերլուծաբանների հետ, մեր համայնքը բազմիցս ասել է առաջին իսկ օրվանից, որ այս ամենը բերելու է Արցախի կորստի եւ Հայաստանի դիրքերի կտրուկ թուլացման»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ