«Այսօր հայտարարություն հնչեց, որ մենք կառչած ենք մեր աթոռներից։ Բա եթե մենք կառչած ենք մեր աթոռներից, դուք էլ ուզում եք մեզ մեր աթոռներից հանել, ամենաէֆեկտիվ ճանապարհներից մեկը ձեր մանդատներից հրաժարվելն է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Կարող եք գնալ այդ քայլին, ի դեպ, ձեր կողմնակիցներից ոմանք ձեզ այդ կոչն անում են։ Բայց իմ կարծիքով դուք այդ քայլին չեք գնա, որովհետեւ դուք էլ եք ձեր աթոռներից պոկվելու, հետո արդեն չեք կարողանալու վերադառնալ եւ չեք կարողանալու օգտագործել պատգամավորի պաշտպանիչ վահանը»,- հայտարարեց Թունյանը։
Պատգամավորը հավելեց․ «Դարձել եք քաղաքական հավաքչությամբ զբաղվող քաղաքական ուժ, այսինքն՝ տեսնում եք որտեղ ինչ արդիական թեմա կա, գալիս եք, սկսում եք այդ թեմայի մասին խոսել։ Մարդիկ շատ լավ տեսնում են, թե ինչ է կատարվում, նախ կա անկեղծության խորը պակաս, այսինքն՝ շարժումն առաջնորդողը, խոսելով քրիստոնեությունից, համերաշխությունից, մի կողմից չի նկատում, թե իր հետեւորդներն ինչ լեքսիկոնով են խոսում, ինչ բռնության կոչեր են անում, ինչ բռնությունների են դիմում։ Եվ այդ շարժման մասնակիցներն էլ իրենց կողմից իբր չեն նկատում, թե ինչով է զբաղված հոգեւորականը, որը պետք է քրիստոնեության խնդիրներով զբաղվեր»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ