«Մեծամասնությունը այնքան է վախեցած իր իշխանությունը կորցնելուց, այնքան է վախեցած ադրբեջանցիներին բարկացնելուց, այնքան է պատրաստակամ Ալիեւի հրամանները կատարելու, որ 8 պատգամավորի մուտքը Կիրանց արգելելու համար այնտեղ էին հասցրել հարյուրավոր սեւ ու կարմիր բերետների»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Վախի դրսեւորում չէ, ապա ի՞նչ է, երբ գունավոր բերետներին հրամայում եք անել ամեն ինչ, որ որեւէ պատգամավոր չմտնի Կիրանց, որովհետեւ Ալիեւը նման պահանջ է դրել, որ հանկարծ որեւէ պատգամավոր չհանդիպի Կիրանցի բնակիչներին, չխոսի նրանց հետ, չտեսնի իրավիճակը: Երբ մեզ՝ մի քանի պատգամավորիս, հաջողվեց սարերով ու ձորերով, պարտիզանի նման, շրջանցելով բերետավորներին, հասնել Կիրանց, գիտե՞ք ինչ արեցին: Պատգամավորների մյուս խմբի ճանապարհը փակելու համար անօդաչու բարձրացրին, ճշտեցին դաշտում նրանց տեղն ու բերետներով նորից փակեցին ճանապարհը: Սա չե՞ք դուք: Սա չի՞ ձեր տեսակը։ Ես եղել եմ Կիրանցում, տեսել եմ իմ աչքով, թե որն եք համարում այն գիծը, որը պետք է սահմանապահով դառնա կիրանցու անվտանգային գոտին:
Դպրոցը եւ սահմանագիծը իրարից հեռու են այնքան, որքան այս ամբիոնը դահլիճում իմ աթոռից: Կիրանցն ունի 63 աշակերտ, ասում եք ծառ տնկեք, անվտանգ կլինի: Կարող եք նաեւ պատ շարել: Սա է ձեր խոստացած անվտանգությունը եւ ձեզ համարում եք հարց լուծող իշխանություն:
Հիմա դուք 3 տուն, ավտոտնակ, Սարիգյուղի խմելու ջրի պոմպակայանը, Հայաստան-Վրաստան ճանապարհը 2 տեղ կտրում եւ տալիս եք Ադրբեջանին եւ ասում, թե անվտանգություն եք ապահովում: Սա՞ է ձեր հայրենասիրությունը»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Արմենուհի Կյուրեղյանը հավելեց․ «Դուք, որ կիրանցու, ոսկեպարցու քվեն էիք խնդրում, նրանց ասեցի՞ք, որ իրենց վկայականները ուժ չունեն: Դուք խաբել եք նրանց բոլորին, խաբելով քվե եք ստացել, հիմա էլ բղավում եք, թե լեգիտիմ եք: Դուք լեգիտիմ չեք: Դուք պետք է հեռանաք, այսօր դա է պահանջում հայ ժողովուրդը: Դա դուք էլ եք զգում, հակառակ դեպքում այդքան ոստիկանների պատի հետեւում չէիք թաքնվի: Իշխանությունը պահելու համար երկիրը կտոր-կտոր թշնամուն հանձնողը կապիտուլյանտ է, եւ նա պետք է հեռանա: Եվ ոչ միայն հեռանալու եք, այլ նաև պատասխան եք տալու ձեր բոլոր արածների համար»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ