«Ներկա իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորհուրդ եմ տալիս՝ ձեռք քաշել սահմանազատման ցանկացած աշխատանքից, այդ խաղաղության պայմանագրից, այդ անհասկանալի նպատակներից։ Իրենց ոչ ոք չի լիազորել զբաղվել այդ աշխատանքներով, ընտրությունների ժամանակ իրենք նման ծրագրեր չեն ներկայացրել։ Եթե ուզում են նման հարցերով զբաղվել՝ դա կարող են անել միայն նոր ընտրությունների գնալու դեպքում՝ համապատասխան ծրագրերով։ Եթե իրենք շարունակեն իրենց քայլերը, ես զգուշացնում եմ՝ Հայաստանում այս տարի անպայման լինելու է իշխանափոխություն՝ ամենաուշը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, չի բացառվում նաեւ, որ ավելի շուտ լինի՝ օրերի, շաբաթների ընթացքում՝ կախված ավելի շատ սուբյեկտիվ հանգամանքներից, քան օբյեկտիվ։ Ինչեւէ իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունները պարտավոր են քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին։ Նրանց մեղադրել՝ պետական դավաճանության հոդվածով, որը նախատեսում է 20 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն։ Իրավունք ունեն բռնագանձել եւ պետականացնել նրանց եւ նրանց հարազատների ողջ ունեցվածքը»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը։
Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հայտարարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում-սահմանագծումն իրականացնում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ՍՍՀՄ քարտեզներով եւ սահմաններով։ Մովսես Շահվերդյանը նկատում է՝ ՍՍՀՄ սահմանները միշտ եղել են պայմանական վարչական սահմաններ եւ ԳՇ-ի արխիվից վերցված քարտեզները, որոնք հիմա օգտագործվում են, ավելի շատ պետք են եկել ռազմական շրջանների անելիքները որոշելու համար։ 1976-79 թվականներին (գործընթացի համար հիմք է ընդունվում այդ շրջանի քարտեզները․-Ն․ Գ․) Հայաստանի ղեկավարը եղել է Կարեն Դեմիրճյանը։ Յութուբում տեղադրված է 1991 թվականին, Կարեն Դեմիրճյանի հարցազրույցից մի կտոր, որտեղ նա ասում է՝ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար եղած տարիներին, Ադրբեջանից ետ է բերել 26 հազար հեկտար հայկական տարածք․ Մովսես Շահվերդյանի գնահատմամբ՝ սա փաստում է, որ դրանք հայկական տարածքներ են եղել, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից, ուստի հնարավոր է եղել դրանք ետ բերել։ Տավուշի տարածքների հետ այժմ կատարվողը, մեր զրուցակիցը բացարձակ անհեթեթություն է համարում․ «Չգիտեմ էլ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է այդ ամենի տակից դուրս գալու»։
1946 թվականին, Հայրենական պատերազմից հետո, երբ սովետական կառավարությունը որոշում ընդունեց՝ սփյուռքահայերի մեծ ներգաղթ կազմակերպել, որի ժամանակ մոտ կես միլիոն մարդ էր նախատեսվում ետ բերել Հայաստան, այն ժամանակվա Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղարը Մոսկվա է դիմել խնդրանքով՝ կես միլիոն հայերին բնակեցնելու համար, Նախիջեւանը եւ Արցախը միացնել Հայաստանին։ Հարցը քաղբյուրոյում է քննարկվել։ Ադրբեջանի այդ ժամանակվա քարտուղարը՝ Ջաֆար Բաղիրովն էլ առաջարկել է՝ դրա փոխարեն Հայաստանի տարածքում բնակվող 400 հազար Ադրբեջանցիներին տեղափոխել Ադրբեջան եւ այդ տարածքներում բնակեցնել ներգաղթող հայերին։ Խոսքը վերաբերվում է այդ թվում նաեւ այժմ Տավուշի մարզի այն տարածքներին, որոնք ադրբեջանաբնակ էին եւ որոնք Նիկոլ Փաշինյանն այժմ հանձնում է Ադրբեջանին։
Կարդացեք նաև
Այս մասին պատմել է 1948-52 թվականներին Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար Շավարշ Վարդումյանը։ Ըստ այդմ, այդ ժամանակ ադրբեջանցիներին ճանապարհել են՝ իրենց ողջ ունեցվածքով, այդ տեղերում հայ ներգաղթյալներն են բնակեցվել, որոնց մեծ մասը, հետագայում, գյուղական միջավայրին չհարմարվելով՝ տեղափոխվել են տարբեր քաղաքներ։ Որոշ ժամանակ անց նաեւ Հայաստանից Ադրբեջան գնացած ադրբեջանցիներն են վերադարձել այդ տարածքներ՝ շրջանի ղեկավարությանը խնդրելով՝ թույլ տալ վերադառնալ իրենց բնակության նախկին վայրերում ապրելու, քանի որ իրենց Ադրբեջանում լավ չեն վերաբերվում, չեն ընդունում։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը՝ Մոսկվայի հետ համաձայնությամբ, որոշում է թույլ տալ այդ մարդկանց վերադառնալ։ Նաեւ Ադրբեջանի կառավարությունն է աջակցում այդ վերաբնակեցման հարցերում։
Վկայակոչելով նաեւ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մշտապես առկա տարածքային վեճերը, որոնցով լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանն էր զբաղվում, Մովսես Շահվերդյանը փաստում է․ «Որեւէ հիմք չկա ասելու, որ այդ շրջանի սահմանային բաժանումներով պետք է սահմանազատում-սահմանագծում իրականացնել։ Ընդամենն Ալիեւի սուբյեկտիվ ցանկությունն է, որ այդ տարածքներն անցնեն իրենց հսկողության տակ»։
-Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Շարժումը տարբեր թիրախավորումներ է ստանում, որովհետեւ հոգեւորականն է այն առաջնորդում։ Ունի՞ հեգեւորականը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, ըստ Ձեզ։
-Շարժմանը, որը կարելի է ասել նախաձեռնել է Բագրատ սրբազանը, միանգամայն դրական եմ վերաբերվում։ Մենք մեզ համարում ենք այդ շարժման մասնիկ, կուսակցության անդամներն ակտիվ մասնակցում են, նաեւ, մեր քաղաքական վերաբերմունքը շարժման նկատմամբ շուտով կարտահայտենք։
Շարժումն իր բնույթով, այո, քաղաքական է, որովհետեւ հարցերն իրենք են քաղաքական, որոնք այս պահին կանգնած են հանրապետության առաջ։ Բայց այն, որ հոգեւորականն է նախաձեռնել, այո, այստեղ ոչ միայն քաղաքական գործչի, այլ նաեւ հոգեւորականի խնդիր է դրված․ մեր ժողովրդի համար հիմա շատ ճակատագրական պահ է եւ հասարակության բոլոր շերտերը պարտավոր են վերաբերմունք ցույց տալ ստեղծված իրավիճակին, առավել եւս՝ հոգեւոր դասը։ Մեր պատմության մեջ, այսպիսի ճակատագրական պահերին, հոգեւոր դասը միշտ էլ իր վերաբերմունքը ցույց է տվել։ Այնպես որ, Բագրատ սրբազանը, կարելի է ասել՝ ճիշտ պահին, ճիշտ տեղում է։
– Եկեղեցին Հայաստանը կրոնապետության վերածելու հավակնություններ չունի՞։
-Չկա նման բան։ Ինչ-որ շատ վատ իմաստով մեղադրանքներ են փորձում հնչեցնել եկեղեցու մասին, որը որեւէ հիմք չունի եւ որեւէ նշանակություն չի էլ կարող ունենալ։ Եկեղեցին ժողովրդի հետ է։
Վերջին շրջանում վարչապետը մի միտք էլ է արծարծում՝ հայրենիք-պետություն․․․Որպես, պատմաբան կարող եմ ասել, որ շատ սխալ միտք է ձեւակերպում․ հայրենիքն ու պետությունը բոլորովին տարբեր բաներ են։ Հայրենիքն Աստծո կողմից որեւէ ժողովրդին տրված տարածքն է՝ այդտեղ ապրելու, ստեղծագործելու, իսկ պետությունը պատմական կատեգորիա է։ Մենք մոտավորապես 5 հազար տարվա հայրենիք ունենք՝ Հայկական լեռնաշխարհում ենք ապրում, բայց այդ 5 հազար տարվա հայրենիքում ընդամենը 1500 տարվա պետականություն ունենք ու եթե մենք պետականություն չենք ունեցել, դա չի նշանակում, որ Հայկական լեռնաշխարհը դադարել է հայերի հայրենիքը լինել։ Հասկանում եմ իր նպատակը որն է․ դա թուրքական մոտեցումն է՝ ձեր հայրենիքն այնքան է, որքան ձեր պետականությունն է ու դեռ 1918 թվականի Բաթումիի պայմանագրով հայերին փորձում էին տալ 10 հազար քառակուսի կիլոմետր հայրենիք, որովհետեւ այդքան պետականություն էին նախատեսել։
-Հիմա էլ, կարծես, գործընթացը դրան են տանում։
-Այո։ Բայց տարբեր ժամանակներում պետականությունը կարող է տարբեր լինել, իսկ հայրենիքի չափսը երբեք չի փոխվում, ինչպես չի փոխվում վերաբերմունքը պատմական հայրենիքի նկատմամբ։ Հայերի պատմական հայրենիքը Հայոց լեռնաշխարհն է, իսկ դա ի՞նչ տարածք է ընդգրկում, թող հայոց պատմության կամ աշխարհագրության դասագրքերում նայի՝ մտավարժանքների փոխարեն։
-Բագրատ սրբազանը շարժումը նախաձեռնեց, առաջնորդում է, բայց լուծումները պետք է քաղաքական լինեն եւ հիմա կապիտալիզացիայի փուլում է կարծես։
-Իսկապես հետաքրքիր եւ պատասխանատու իրավիճակ է, որի լուծումն անպայման քաղաքական պետք է լինի եւ շատ կոնկրետ ու բովանդակային․ որպեսզի այս խնդիրները լուծենք, Հայաստանում անպայման պետք է քաղաքական իշխանություն փոխվի։ Այս պահին քաղաքական իշխանության են եկել մարդիկ, կամ բերել են մարդկանց, ովքեր շատ կոնկրետ ծրագիր են իրականացնում, որը դեմ է հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերին։ Անգամ, սա ադրբեջանաթուրքական քաղաքական օկուպացիա է՝ գործակալական որոշակի ցանցի կողմից իրականացվող։ Իհարկե, իրական հայերի թիվ մեկ խնդիրը պետք է լինի Հայաստանում օր առաջ իշխանափոխություն կատարել եւ իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են, թե որո՞նք են այս պահի մեր ազգային եւ պետական շահերը, որո՞նք են դրանց լուծումները։
–Իմպիչմենտը, որը հայտարարվել է, ճանապարհ՞ է։
-Միանգամայն սխալ։ Շարժումն օր առաջ պետք է կազմակերպական հարցեր լուծի․ այս պահի կազմակերպական իրավիճակը չի բավարարում շարժման խնդիրները լուծելուն։ Այս առումով մենք մեր առաջարկները կանենք։ Պետք է խնդիրները ճիշտ ձեւակերպել, հստակ եւ իրականանալի նպատակներ դնել։ Եթե ի սկզբանե դնում ես ոչ իրականանալի նպատակներ՝ ձախողում ես։ Իմպիչմենտը անիրականանալի եւ այս պահի համար շարժմանը վնաս տվող նպատակ է, քանի որ դա երկար գործընթաց է, ամիսներ, անգամ մեկ տարի կարող է տեւել։ Մինչդեռ, մեզ պետք են արագ լուծումներ։
-Ի՞նչ լուծում եք առաջարկում։
-Մեկ լուծում՝ օր առաջ Հայաստանում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ Մենք խորհրդարանական հանրապետություն ենք եւ իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ այդ կերպ։ Դա լուծման քաղաքական ճանապարհն է։
-Ինչպե՞ս եք դա պատկերացնում, իշխանությունը չի գնա նման քայլի, մանավանդ, վերջին սոցհարցումները՝ վարկանիշի առումով, իրենց համար ոգեւորիչ չեն։
-Եթե վարչապետը՝ համաժողովրդական ճնշման տակ հրաժարական տա եւ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի՝ կգնա լուծարման եւ ընտրություններ տեղի կունենան։ Մյուս տարբերակը՝ դարձյալ քաղաքական՝ խորհրդարանում երկու ընդդիմադիր խմբակցությունները վայր են դնում մանդատները, սահմանադրական ճգնաժամ է առաջանում, քանի որ Սահմանադրության պահանջը՝ խորհրդարանում առնվազն երեք քաղաքական ուժի ներկայությունը չի ապահովվում եւ խորհրդարանը լուծարվում է։
-Այս ընթացքում մենք ունենք բազմաթիվ իրավիճակներ, որոնք ՀՀ Սահմանադրությանը հակասում են եւ դա չի խանգարել իշխող խմբին՝ շարունակել գործել։
-Այո, ավելի փոքր խնդիրներն իրենք հեշտությամբ կարող են խախտումներով կոծկել, բայց սա արդեն լուրջ խնդիր է, պետականության խնդիր է, չեն կարողանալու։
-Արցախի հանձնումը լուրջ խնդիր չէ՞ր․ ՀՀ Սահմանադրության նախաբանում էլ ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է։
-Դա ազգային խնդիր է, անգամ պետական եւ շատ ավելի լուրջ խնդիր, քան խորհրդարանի խնդիրը, բայց դա սահմանադրական պահանջ չէր, Հռչակագրի ամրագրում էր, որը Ալիեւը հիմա փորձում է փոխել տալ, բայց Ալիեւը երբեք չի հասնելու իր նպատակին։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ դեպքում կարող է հասնել՝ երբ այս իշխանությունները մնան։ Այս իշխանությունները գնացին՝ Ալիեւի վերաբերմունքն էլ կփոխվի, շատ այլ բաներ էլ կփոխվեն։
Եթե խորհրդարանում մնաց միայն ՔՊ-ն, աշխարհն էլ չի ընդունի, մանավանդ, որ ՔՊ-ն արդեն իսկ լեգիտիմ իշխանություն չէ այս պահին, վարչապետն էլ լեգիտիմ չէ, քանի որ ժողովրդի վստահությունը չունի․ դա նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին։ Հիմա, վստահ եմ, իրենց նկատմամբ ժողովրդի վստահությունը շատ ավելի քիչ է, քան այդ շրջանում։ Իրենք իրենց ժողովրդավարական են հռչակել, որտեղ ժողովրդի վստահությունն է էական, իսկ ժողովուրդն իրենց չի վստահում։
Նաեւ՝ ոչ 2018, ոչ 2021 թվականի ընտրություններում, ՔՊ-ն իր նախընտրական ծրագրերում չի գրել, որ Արցախը հանձնելու են Ադրբեջանին, Սովետական Հայաստանի սահմաններով սահմանագծում են իրականացնելու։ Հիմա, եթե ընտրություններ լինեն, իսկ դրանք անպայման պետք է լինեն, թող գնան այդ ծրագրերով եւ ստանան ժողովրդի քվեն։ Այլապես, ստացվում է, որ խաբեությամբ եւ խարդախությամբ եկել են իշխանության, հիմա էլ բռնությամբ պահում են իշխանությունը, Հայաստանում իրագործում են մի ծրագիր, որը ոչ մի առնչություն չունի հայ ժողովրդի, նրա ազգային շահերի եւ նպատակների հետ։
-Բայց որը որ ողջունում են եւ ՌԴ-ում, եւ ԱՄՆ-ում, եւ ԵՄ-ում։
-Դա արդեն աշխարհաքաղաքական իրավիճակի արտահայտություն է․ առաջին հայացքից թվում է, թե ինչո՞ւ պիտի ՌԴ-ն եւ Արեւմուտքը կարծես նույն վերաբերմունքն ունենան։ Բայց, իրականում, դա այդպես չէ։ Քաղաքականության մեջ յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում եւ այդ համատեքստում, թե որքանո՞վ են, ասենք, ՌԴ-ի շահերի տեսանկյանից իր հակաքայլերը ճիշտ կամ սխալ, այլ հարց է։ Բայց այն իրավիճակը, որն այսօր ստեղծվել է Հայաստանի եւ նրա շուրջ, Հայաստանի իշխանության մեղքով է։ ՀՀ իշխանություններն են թույլ տվել, որ Արեւմուտքն այս խաղերը խաղա, ՌԴ-ն էլ՝ այն խաղերը խաղա․ ոչ Արեւմուտքը, ոչ ՌԴ-ն այստեղ մեղավոր չեն։
-Եթե իշխանափոխություն եղավ, գործընթացները ետ շրջելու տարբերակ տեսնո՞ւմ եք․ Կիրանցում արդեն սահմանային հենասյուներ են տեղադրվել՝ գյուղը երկու մասի բաժանելով։
-Անպայման եւ գործընթացները ետ շրջվելու են․ ամեն ինչ կախված է թե Հայաստանում՝ իշխանության մակարդակում, ի՞նչ որոշումներ կընդունվեն եւ ի՞նչ գործողություններ կկատարվեն։
Ես զգում եմ, որ խորհրդարանական ներկա ընդդիմությունը խուսափում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից․ հասկանում եմ իրենց մտահոգությունները։ Ես էլ այն կարծիքին եմ, որ եթե ընտրությունը կատարվի գործող քաղաքական սպեկտրում, չի բացառվում, որ նորից նույն պատկերը կրկնվի։ Բայց հենց քաղաքական ասպարեզ մտավ մի ուժ, որը ժողովուրդը կընկալի որպես իրական այլընտրանք ներկա իշխանություններին եւ ժողովրդի համար կլինի վստահելի, հավատացեք, ընտրությունների արդյունքները բոլորովին այլ կլինեն։
-Ո՞րն է լինելու այդ ուժը, այս տարիների ընթացքում այն այդպես էլ չձեւավորվեց։
-Այդ ուժը մենք կձեւավորենք․ թույլ տվեք նման պատասխանատու արտահայտություն անել։ Ես հստակ տեսնում եմ այդ ուժը, այն ձեւավորման ընթացքում է, կոնկրետ աշխատանք է կատարվում եւ այն կմասնակցի ընտրություններին։ Դա կլինի այն ուժը, որը կկրի Կարեն Դեմիրճյանի գաղափարախոսությունը, այնտեղ կլինեն մարդիկ, ովքեր կրում են նրա գաղափարները, արժանապատիվ կեցվածքը, վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ։ Նման մարդիկ Հայաստանում հազարավորներ են, պարզապես պետք է նրանց համախմբել, մեկտեղել։ Իսկ դա, համարեք, որ ընթացքի մեջ է։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ