Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պատերից ու սեփական ապահովության գոտուց դուրս եկեք, բացեք ձեր աչքերը, տեսեք եւ լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին»․ Լիլիթ Գալստյան

Մայիս 21,2024 17:38

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց․ «Ի՞նչ ասել, որ համարժեք լինի մեր տասնյակ հազարավոր այն հայրենակիցների ընդվզումին, որոնք իբրեւ հայ մարդ Սրբազան շարժման հաղթանակի մեջ են տեսնում իրենց լինելիությունն ու Հայաստանի պետականության փրկությունը: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Կիրանցի այն կնոջ արցունքներին, որի ոչ միայն պապենական տունը, այլեւ Արցախյան ազատամարտում զոհված երկու որդիների գերեզմաններն են մնում ձեր կողմից թշնամուն նվիրված հողում: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Գեղարքունիքի, Վայքի ու Սյունիքի հազարավոր բնակիչների՝ Կիրանցի աղետալի ճակատագրին չարժանանալու սպասումին: Ի՞նչ ասել, մի դահլիճում, ուր թուրք ածականն ընդունելի է, իսկ դավաճանը՝ մարսված: Ի՞նչ ասել, որ համարժեք լինի ոստիկանության այն ոհմակա-ենիչերիական վարքագծին, որը դարձել է քաղաքական մեծամասնության միակ եւ նողկալի հենարանը: Դուք, իհարկե, չեք գիտակցում, որ հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության՝ ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն ու պետությունն եք նվաստանում: Դուք նաեւ ոստիկանին եք ոչնչացնում՝ նրան դարձնելով համազգային ատելության թիրախ»։

Նա հավելեց․ «Լափաման կոդային բառն էլ չի աշխատում: Այսօր նոր ձեւակերպում շրջանառեցիք՝ նախկիններին, գուցե նաև ինձ՝ մեղադրելով քաղաքական գողապետության մեջ, ձեզ վերապահելով ժողովրդավարությունն ու ժողովրդի անունից խոսելու հավատամքը: Այս պատերից ու սեփական ապահովության գոտուց դուրս եկեք, բացեք ձեր աչքերը, տեսեք եւ լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան համարող ցեղասպանի հետ գործակցող, հակաիրավական գործընթացներով ՀՀ իրավազորության տարածքները թշնամուն հանձնող, Սահմանադրական կարգ տապալող, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դրած քաղաքական ուժը դեռ շարունակում է նախկիններին մեղադրել»։

Ըստ Գալստյանի, այո, անցյալում եղել են սխալներ, որոնց համար պետք է պատասխան տալ: «Բայց դրանք հայրենիք, պետականություն ու ցեղասպանություն չեն արժեցել: Ոչ մի իշխանություն այսքան կորստաբեր չի եղել ու հարցականի տակ չի դրել պետականության ապագան, ինչպես դուք՝ իշխող ուժը: Իհարկե, ստի եւ մանիպուլյացիայի մեջ դուք անգերազանցելի եք։ Հենց ձեր քաղաքական ուժի ճակատից երբեք չի ջնջվելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, կրկնապատկված Եռաբլուրը, Արցախի անվտանգային երաշխավորի ՀՀ Սահմանադրական պարտականության ուրացումը: Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031