2023 թ. օգոստոսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայց էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ ՝ զրպարտչական համարելով «ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երևանի ընտրությունների համար» հրապարակումը, պահանջելով փոխհատուցել 1, 5 միլիոն դրամ: ՔՊ կուսակցությունը արգելանքի միջնորդություն էր նաեւ ներկայացրել կազմակերպության գույքի վրա, դատարանը այն բավարարել էր, ապա վերացրել 1 միլիոն դրամի արգելանքը:
Զրպարտչական արտահայտությունների մեջ նշվել էր. «Ըստ էության նկարագրված արարքն իր բնույթով համապատասխանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 40.8 հոդվածի երկրորդ մասին», «Վարչական ռեսուրսի չարաշահումն այն ընտրական զանցանքներից է, որ…», որն ըստ հայցվորի արատավորող են, քանի որ կուսակցությանը վերագրվում է զանցանք, Երեւանի ավագանու ընտրություններում այլ համայնքների վարչական ռեսուրսների օգտագործում…
Չնայած այն բանին, որ փաստաբանները միահամուռ որոշել էին, որ գործադուլ են անելու, այս քաղգործով կողմերի փաստաբանները ժամը 14:00-ին ներկայացան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի «Էրեբունի» նստավայր: Շարունակվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ գործով դատական նախնական նիստը (դատավոր՝ Դ. Մխեյան): Իսկ երբ դատավորը հայտարարեց, որ անցնում են դատաքննության եւ պետք է ներկայացներ օրը, կողմերի ներկայացուցիչները`ՔՊ ներկայացուցիչ Վ. Հարությունյան, ԻՔՄ ներկայացուցիչ Ռ. Ավագիմյան, միջնորդեցին, որպեսզի դատաքննությունը տեղի ունենա այսօր: Դատարանը ավարտեց նաեւ դատաքննությունը եւ որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին:
Կարդացեք նաև
Հայցվորը պնդեց հայցը, պահանջեց ոչ միայն փոխհատուցման գումարը, այլեւ փաստաբանի ողջամիտ վարձատրության համար 480 000 դրամ գումար, իսկ ԻՔՄ ներկայացուցիչը պահանջեց 500 000 դրամ:
Իրավապաշտպան միավորման ներկայացուցիչը, նաեւ համակարգող Դանիել Իոաննիսյանն իրենց դիրքորոշումը արտահայտեցին «Փաստերի ստուգման հարթակում» հրապարակված ձայնագրության վերաբերյալ, որը հայցի հիմք էր դարձել: Այդտեղ խոսվում է, որ Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը գյուղերի վարչական ղեկավարների հետ միասին ցուցակագրում էին մարզերում բնակվող, բայց Երեւանում հաշվառված քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձայն տվող ընտրողներին։ ՔՊ-ն հերքել էր այն եւ պատճառաբանել, թե Սպիտակի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները կուսակցականներ են եւ կարող են զբաղվել քաղաքականությամբ:
ՔՊ ներկայացուցիչը հիմա էլ պնդեց, որ ձայնագրությունը դատարան չի ներկայացվել, իսկ ԻՔՄ-ն պնդեց, որ այն հրապարակմանը կից է: ԻՔՄ-ն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ տեղեկությունները, որոնք զրպարտչական է կողմը որակում, յոթ կազմակերպությունների դիտորդների հավաքագրված տեղեկություններն են, սակայն իշխող կուսակցությունը թիրախավորված ընտրել է իրենց, ինչը քաղաքական հետապնդում է:
Պատասխանող կողմը դատարան էր ներկայացրել Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը, համաձայն որի Խորհուրդը եզրակացրել է. «Խնդրո առարկա նյութը հրապարակող «Իրազեկ քաղաքացիների միավորում»Հ/Կ-ն չի խախտել ՔՊ կուսակցության իրավունքները, եւ չի կարող ենթարկվել պատասխանատվության»:
Ի դեպ, ՏՎԽ-ն հորդորել էր ՔՊ կուսակցությանը հետ վերցնել իրավապաշտպան կազմակերպության դեմ ներկայացրած հայցադիմումը: Պատասխանող իրավապաշտպան կազմակերպությունը դատարանին տեղեկացրեց, որ այս մարմինը ստեղծվել է նրա համար, որ այսպիսի գործերով պաշտոնատար անձին, հանրային դեմքերը չծանրաբեռնեն դատարաննները եւ, որ ՏՎԽ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտացված մարմին է:
Հայցվոր կողմը կասկածի տակ դրեց ՏՎԽ մարմնի կարծիքը, ասելով, որ այն մասնավոր կարծիք է, քանի որ առկա է միայն Շ.Դոյդոյանի ստորագրությունը: Մինչդեռ պարզ էր, որ ստորագրել էին կարծիքի տակ ՏՎԽ անդամները, իսկ դատարան ներկայացվել համակարգողի ստորագրությամբ:
Դատական գործի մանրամասները կներկայացնենք «Առավոտ»-ի առաջիկա համարում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ