Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որքան շուտ կանգ առնեք, հեռանաք ու առերեսվեք իրականության հետ, այնքան լավ ե՛ւ մեր երկրի, ե՛ւ ձեզ համար»․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 21,2024 17:09

«Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ճիշտ է, հայաստանյան իշխանությունը պնդում եւ փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն եւ անվտանգություն են բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում, այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական եւ անվտանգային դետոնացիայի է հանգեցնելու: Իշխանության խոստումները՝ խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության համար վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ, տառապանք, անորոշություն եւ կորուստներ է բերել:

Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել: Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից եւ արագ մխրճվել բոլոր այն հատվածներ, որոնք նրան մարտավարական են ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա-դեմարկացիայի անվան տակ, 2020-2023 թվականների  Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով: Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու Նախիջեւանի ուղղությանը: Նպատակը Հայաստանի շուրջը օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա քաղաքական երաշխիք, որ այսուհետ Հայաստանի ցանկացած իշխանություն ցանկացած հարցի բանակցման ժամանակ այլ ելք չի ունենա, քան կատարելու ադրբեջանական կամքը: Իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ միայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր կառավարությունների համար: Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտեք, ինքնախաբեությամբ մի զբաղվեք, առավել եւս՝ մարդկանց մի մոլորեցրեք: Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք: Թե ինչ եղավ հետո, եւ ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը, բոլորը գիտեն, այնպես որ, մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով չանցկացնեք: Որքան շուտ կանգ առնեք, հեռանաք ու առերեսվեք իրականության հետ, այնքան լավ և մեր երկրի, եւ ժողովրդի, եւ, ի դեպ, ձեզ համար»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031