Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ կարձակվեն, որպես խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը. «Փաստինֆո»

Մայիս 21,2024 17:01

«Փաստինֆո». «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշեց փոխել Սաղաթելյանի և Սամսոնյանի խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Դատարանը որոշեց սահմանափակել նրանց՝ հաղորդումներ վարելը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները։ Դատարանում քննարկման առարկա դարձվեց մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողները միջնորդեցին անփոփոխ թողնել մեղադրյալների խափանման միջոցները։ Մասնավորապես, Նարեկ Սամսոնյանի դեպքում հանրային մեղադրողը պնդեց, թե նախաքննության ընթացքում արձանագրված ռիսկերը, թե ազատ արձակվելուց հետո նույն հաղորդման շրջանակներում կարող են շարունակել վարքագիծը, շարունակում են առկա լինել նաև սույն փուլում, հետևաբար, միջնորդեց երկու ամսով երկարացնել Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը։ Ավելին, հանրային մեղադրողը որպես փաստարկ հիշեցրեց նաև ձերբակալվելուց հետո դեպի ՁՊՎ ճանապարհին Նարեկ Սամսոնյանի կողմից՝ Փաշինյանի նկատմամբ հնչեցված հայհոյանքը։ Ինչ վերաբերում է Վազգեն Սաղաթելյանին, ապա դատախազը Սաղաթելյանի դեպքում ավելացրեց նաև նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը՝ դա ներկայացնելով որպես փախուստի դիմելու հավանականություն։ Թե՛ Սաղաթելյանի, թե՛ Սամսոնյանի դեպքում որպես հիմք նշվեց նաև վկաների նկատմամբ հնարավոր ազդեցության հավանականությունը։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց, որ պաշտպանյալներին մեղսագրվում է մի արարք, որը իրավաբանական հանրության մեջ, հանրային տիրույթում ընդամենը 2 ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ հանցագործություն է։

«Մեր երկրում ապաքրեականացվել է ծանր վիրավորանքը։ Քաղաքական խոսք արտահայտելիս, կոշտ խոսք արտահայտելիս՝ անգամ վիրավորական, դա միանգամայն թույլատրելի վարքագիծ է՝ քրեական իրավունքի տեսանկյունից»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց՝ Արդարադատության նախարարը հրապարակավ ասել է, որ ծանր վիրավորանքը ապաքրեականացնում են, վերադարձնում մարդու իրավունքների տիրույթ, այս արարքը արդեն իսկ հաստատված հանցավոր արարք ասելը և դեռ մի հատ էլ ասել նորը կկատարեն՝ իրավաչափ լինել չի կարող։

Մելիքյանը նաև նշեց, որ մեղադրանքը վերաբերում է մի արարքի, որի հանցավոր լինելը չի եղել իրավական ավանդույթում։
«Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ հանցանք գործելու ռիսկի առումով բերված փաստարկները կիրառելի չեն։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Նարեկ Սամսոնյանը՝՝ նշելով, որ բացառապես քաղաքական դրդապատճառներով զրկված է եղել իր սահմանադրական իրավունքների իրացումից։ Սամսոնյանը հիշեցրեց, որ իր դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել, երեք անգամ կալանավորվել է և արդարացվել, որևէ գործով մեղադրական վճիռ չի եղել։
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև ես օգտագործել եմ իմ քաղաքական քննադատության իրավունքները, որովհետև հայհոյանքը ապաքրեականացվել է»,- նշեց Սամսոնյանը։

Նախագահող Արման Հովհաննիսյանը Սամսոնյանին հորդորեց խոսել խափանման միջոցի հիմքերից, գործով չկա որևէ վարույթ, փաստ, որ եղել է ապօրինություն կամ հանցագործություն, ուստի, դատարանն առաջարկեց զերծ մնալ նման գնահատականներ տալուց, թեև հասկանում է, որ խոսքը նրա ազատության իրավունքի սահմանափակման մասին է։ Նախագահողը նաև զգուշացրեց՝ քաղաքական հայտարարություններ չի թույլատրելու։

Նարեկ Սամսոնյանը պնդեց՝ նպատակ ունեն իրենց ՔԿՀ-ում պահելու, քանի որ եթե նպատակը լիներ վկաների նկատմամբ ազդեցություն չունենալն ապահովելը, ապա կարող էին տնային կալանք կիրառել, վարչական հսկողություն իրականացնել՝ սահմանափակելով թե՛ տեսակցությունները, թե՛ համացանցին հասանելիությունը և այլն։ Սամսոնյանը նաև նկատեց՝ անմեղսունակության կանխավարկածո՞վ են առաջնորդվում, որ ազատության մեջ հայտնվելով պետք է իբրև կրկնի իրեն մեղսագրվող արարքը։
Սամսոնյանը խնդրեց դատարանից՝ վերականգնել արդարությունը, ցույց տալ, որ այս երկրում սահմանադրական իրավունքները ոտքի տակ սրբվեն և ընկնեն մի կողմ։

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը միացավ Մելիքյանի և Սամսոնյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ դա վերաբերելի է նաև իր պաշտպանյալին։ Բաբայանը նաև նկատեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը բազմիցս քրեական հետապնդումների է ենթարկվել, բայց երբեք փախուստի չի դիմել։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ նախագահողն արձանագրեց, որ առկա չէ խոչընդոտելու հավանականությունը, քանի որ վարութային նյութերն ուսումնասիրելով՝ այն վկաները չեն, որոնք աղբյուր են հանդիսանում, այս դեպքում աղբյուրը տեսանյութն է, որն արդեն զննված է, առգրավված է, գործի նյութերում կցված է, այսինքն՝ տեսանյութը փոխելու, խեղաթյուրելու հնարավորություն չկա։ Վազգեն Սաղաթելյանի՝ փախուստի հավանականությունը դատարանը ևս չի տեսնում։ Միակ ռիսկը, որը դատարանը տեսնում է, ապա դա հնարավոր ենթադրյալ նոր արարք կատարելն է, ըստ այդմ, որպես խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը՝ հաղորդումներ չվարելու սահմանափակումներով։ Խափանման միջոցի պայման խախտելու դեպքում դատարանը կաշկանդված չի լինի՝ խափանման միջոցի փոփոխման հարց բարձրացնելու համար։

«Դուք հիմա կարող եք դուրս գալ, լրագրողները մոտենան, հարց տան, կարող եք պատասխանել, բայց եթե լրատվական եղանակով շարունակվի գործունեությունը, դա կդիտվի դատարանի կողմից որպես իրավունքի չարաշահում։ Այսինքն՝ դուք կարող է ձեր հաղորդումները չվարեք, բայց ամեն օր լայվ մտնեք, շարունակեք նման կերպ խոսելը, դա կդիտարկվի որպես չարաշահում»,- պարզաբանեց նախագահողը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031