Լոնդոն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բրիտանական թանգարան և հանդիպել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Ջոնսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Ցուցահանդեսի շրջանակում, համաձայն Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրի, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի նմուշները։ Դրանք Հայաստան կտեղափոխվեն և 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչ 2025 թվականի մարտ՝ շուրջ 6 ամիս, կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ արժեքների համադրմամբ՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածածավալ ցուցադրության շրջանակում:
Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ