ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման նոր կարգի քննարկման նպատակով:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Արաքսիա Սվաջյանը հանգամանորեն ներկայացրել է ուսուցիչների վերապատրաստման և ատեստավորման կարգի փոփոխությունները և այս համատեքստում՝ ակնկալիքները կազմակերպություններից:
Արաքսիա Սվաջյանի ներկայացմամբ՝ այս տարվանից ներդրվում է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որով սահմանված է ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը. «1 տարի է՝ 1-5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար, և իրականացվում է առաջին տարվա ընթացքում, 3 տարի է՝ վերապատրաստման երկրորդ մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, 5 տարի է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի համար իրականացվող դասընթացների համար»:
Կարդացեք նաև
Միաժամանակ, նախարարի տեղակալը ներկայացրել է այն պայմաններն ու չափանիշները, որոնք անհրաժեշտ են երաշխավորվող կազմակերպությունների և դասընթացների ցանկերում ընդգրկվելու համար:
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով անդրադարձ է կատարվել ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման կարգում կատարված փոփոխությունների այն կետերին, որոնք հավելյալ քննարկման և պարզաբանման անհրաժեշտություն ունեն:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ