Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Համաշխարհային բանկի կայուն զարգացման տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քաղաքապետին են ներկայացվել կոշտ թափոնների կառավարման ոլորտում Երևանում արված գնահատման արդյունքներն ու առաջարկները: Գործողությունների «Ճանապարհային քարտեզ», կարճաժամկետ և միջնաժամկետ նշաձողեր, ոլորտի քաղաքականության մշակում. սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք բանկն առաջարկում է համայնքին:
Կարևորելով համատեղ նախագծերի իրականացումը՝ քաղաքապետն ընդգծել է, որ թափոնների կառավարման առումով քաղաքի ներկայիս կարիքները համակարգային լուծումներ են պահանջում: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ համայնքը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը տասնամյակների կուտակված խնդիրներին կտա արդյունավետ լուծումներ:
Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության ընդլայնումն ու համատեղ նոր ծրագրերի իրականացումը՝ Սամեհ Վահբան իր հերթին նշել է, որ բանկը պատրաստ է աջակցել համայնքին ինչպես խորհրդատվական աջակցության, այնպես էլ գործնական ծրագրեր իրագործելու տեսակետից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանկի կողմից իրականացված վերլուծության հիման վրա ըստ առաջնահերթության առանձնացնել գործողությունների հստակ ծրագրեր:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան