Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նոր սահմաններ չենք կարող գծել, որովհետեւ նոր սահմանը նույն ինքը հին սահմանն է ԽՍՀՄ փլուզման պահին»․ Ռուբեն Ռուբինյան

Մայիս 21,2024 16:07

ԱԺ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց ընդդիմությանը։

«Արծվիկ Մինասյանն ասում է՝ կարո՞ղ եք ցույց տալ օրենսդրական ակտ, որտեղ սահմանվում է սահմանների վերարտադրություն տերմինը։ Ես ուզում եմ մի կողմ թողնենք այս իրավական սեթեւեթանքները։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են ԽՍՀՄ փլուզման պահին խորհրդային հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմաններով։ Եվ, հետեւաբար, մենք նոր սահմաններ չենք կարող գծել, որովհետեւ նոր սահմանը նույն ինքը հին սահմանն է ԽՍՀՄ փլուզման պահին։ Եվ երբ մենք ասում ենք՝ վերարտադրում ենք սահմանը, նկատի ունենք, որ սահմանագծման գործընթացում վերականգնում ենք, վերահաստատում ենք խորհրդային հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ Տավուշի հատվածում սահմանազատման հիմքը 1976 թվականի ԳՇ քարտեզն է, որը հիմնված է 1969 թվականի սահմանի վրա։ «Եբ ասում եք՝ 1988 թվականի քարտեզները պետք է հիմք ընդունվեն, տպավորություն է ստեղծվում, որ կա այլ քարտեզ, որը մեզ շատ ավելի ձեռնտու է։ Այդպես չէ, խորհրդային ուշ շրջանի քարտեզների միջեւ մեծ տարբերություններ չկան»,- ասաց Ռուբինյանը։

«Պարոն Մինասյանը նաեւ ասաց, որ իշխանությունները գնում են պետությունը քանդելու տարբերակով։ Այսինքն՝ մենք գնում ենք պետությունը քանդելու տարբերակով, չգիտենք՝ ինչ է ինքնիշխանությունը։ Շատ լավ, պարոն Մինասյանը ՀՅԴ ներկայացուցիչն է, եկեք իրար հետ նայենք Դաշնակցության cv-ին։ Այսքանից հետո, եթե դուք մեզ մեղադրում եք պետությունը քանդելու մեջ կամ անկախության արժեքը չիմանալու մեջ, ես զարմանում եմ»,- ասաց նա։

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը․ «Ես կարծում եմ, որ կարելի է սրբազան դաշինք անունն ընտրել՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, եկեղեցու որոշ սպասավորներ։ Հիրավի սրբազան դաշինք, որը պետք է վերականգնի հին կարգերը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031