«Զվարթնոց» օդանավակայանում շուրջ մեկ ամիս հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն օր բժիշկները գալիս, ճնշումը չափում, սիրտը ստուգում են։ «Դեռ չենք մտել կրիտիկական փուլ։ Բայց մեկ շաբաթից կմտնենք, քանի որ արդեն մեկ ամիս հացադուլի մեջ եմ «Զվարթնոց» օդանավակայանում։ Բայց ոչ Հայաստանում։ Հայաստանից դուրս եմ, այս կողմն եմ։
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության որոշմանը, որ արգելել է իմ մուտքը, մենք համոզված ենք, որ դա միայն ու միայն եղել է նրա համար, քանի որ ես մոտ երկու, երեք ամիս առաջ գնացել, երեք շաբաթ ապրել եմ Ոսկեպարում ու այնտեղ սյուժեներ եմ արել։ Չեզոք սյուժեներ։ Բայց ձայն եմ տվել Բագրատ սրբազանին։ Դա լրագրողական նորմալ գործ է։ Ու դա հասկանում է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որի համար այն ժամանակ, երբ ինքը նախկին ռեժիմի ժամանակ խնդիրներ ուներ, իր հարցերը բարձրացրել եմ Ֆրանսիայի Ազգային Ժողովում եւ այլ կազմակերպություններում։
Հիմա կա որոշում։ ԱԱԾ-ն նշում է կետ 8-ը, որ ես կարող է վտանգավոր անձնավորություն լինեմ Հայաստանի համար։ Բայց հիմքերը չեն տալիս։ Մենք շատ լավ գիտենք, որ դա մի մարդու քաղաքական որոշում է։
Ես որ արդեն մեկ ամիս այստեղ եմ, ինձ այնքան առաջարկություն են անում՝ ֆինանսական եւ այլ, որ ես վերջ տամ ու հետ գնամ Փարիզ։ Բայց ես Փարիզ, Ֆրանսիա գնացողը չեմ։ Ես արդեն երկու տարի այստեղ եմ ապրում, տուն ունեմ, աշխատանքս այստեղ է։
Բայց քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ, ինձ կարող են հանել։ Ժամանակին տասը տարվա հատուկ կարգավիճակի անձնագիր ունեցել եմ, բայց ժամկետն ավարտվել է։ Հայ առաքելական եկեղեցուց բերել եմ թղթերը, որ ես մկրտված եմ եկեղեցում, որպեսզի ունենամ Հայաստանի քաղաքացիություն։
Հիմա մտնել ենք իրավական դաշտ։ Քանի որ ես Ֆրանսիայի կառավարության՝ Էմմանուել Մակրոնի հետ խնդիրներ ունեմ, Հայաստանում քաղաքական ապաստան եմ խնդրել։ Դա չեն կարող մերժել։ Նայենք։ «Կարմիր խաչն» էլ այստեղ պետք է գա։
Ֆրանսիայի հյուպատոսը պարտավոր է գալ այստեղ։ Մեկ ամիս եղավ, չի եկել։ Ու, ցավոք սրտի, Հայաստանի ՄԻՊ-ն էլ չի եկել»,- ասաց նա։
Ֆրանսիայի դեսպանատան մեկնաբանությանը, թե ինքը չի կարող հյուպատոսության պաշտպանության տակ գտնվել, քանի որ կարող է վերադառնալ Ֆրանսիա, պարոն Նիկոլյանը հակադարձեց. «Այո, ես հյուպատոսի հետ մոտ մեկ ամիս առաջ խոսել եմ։ Ասում էր, որ առողջ եմ ու կարող եմ թռչել։ Ես էլ պատասխանել եմ, որ երկու, երեք շաբաթ հետո, որ վիճակս վատանա, կտեսնենք, ինքը կգա՞, թե չէ։ Ես գիտեմ, որ ինքը ուզում է գալ, քանի որ խայտառակ է լինում ֆրանսիական մամուլում, հայկական մամուլում, արտասահմանում, բայց դեսպանն արգելել է»։
Զրուցակիցը տեղեկացրեց, որ մայիսի 28-ին ցույց է լինելու Ֆրանսիայում եւ Երեւանում։
«Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու իմ հիմքերը Ֆրանսիայի կառավարության հետ ունեցած խնդիրներն են։ Ես Մակրոնի հետ երկու անգամ հանդիպել եմ։ Առաջին հանդիպումը նորմալ է եղել, բայց ինքը շատ սխալ պատասխան է տվել։ Ֆրանսպրեսսը ցանկացել է դա լուսաբանել, սակայն Մակրոնից հրաման է ստացել, որ պետք չի։ Դա գրաքննություն է։
Երկրորդ հանդիպմանը մենք վիճել ենք։ Ու այդ ժամանակից մինչեւ այսօր 53 անգամ ինձ բերման են ենթարկել, 3 անգամ դատարան են տարել եւ ապացուցվել է, որ ես օրենքի հետ կապված ոչ մի սխալ չեմ արել։ Դրա համար միշտ ազատության մեջ եմ եղել։ Հիմա անընդհատ ճնշումներ կան, Փարիզում անընդհատ գալիս տունս խուզարկում են։ Ցավոք, դեմոկրատիան լավ բան է, բայց աշխատելու ձեւն է սխալ լինում թե՛ Հայաստանում, թե՛ Ամերիկայում, թե՛ Ռուսաստանում։ Ֆրանսիայում որ ասում են ազատություն, հավասարություն, ժողովրդավարություն, ցավոք, ոչ մի երկրում չեմ տեսնում»։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային