Լրահոս
Օրվա լրահոսը

«Տասնյակ հազարավոր մարդկանց ԿԳԲ-ի շպիոն եք անվանում, շպիոնությունից է խոսում մի ուժ, որի ղեկավարին նվիրված երգ կա Ադրբեջանում»

Մայիս 21,2024 15:30

ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձավ ՔՊ-ականների հայտարարություններին։

«Վահագն Ալեքսանյանն ասում է՝ եթե այս շարժումը հաջողի, ես մի երաշխիք կարող եմ տալ, թե ինչ կլինի։ Հիշեցնեմ, որ շարժման պահանջն այս փուլում իշխանափոխությունն է։ Ասում է՝ ես երաշխավորում եմ՝ կլինի Արցախի պատմությունը։ Անհնար է զսպել ու չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք արդեն, էլի հարձակվելո՞ւ են», – ասաց Քրիստինե Վարդանյանը։

«Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, գալիս են հպարտությամբ այստեղից ասում են՝ սեպտեմբերի 19-ին ստորագրվեց Արցախի լուծարման փաստաթուղթը։ Քիչ է մնում տոն հայտարարեք այդ օրը, դա ողբերգություն է, այդ փաստաթղթով որեւէ մեկը չի հպարտանում։ Բայց գիտե՞ք՝ որն է ձեր ստորագրածի ու այդ փաստաթղթի տարբերակը, մոռանում եք անընդհատ ասել, որ այդ փաստաթուղթը չեղարկվել է այդ փաստաթուղթն ստորագրած մարդու կողմից։ Եվ դուք դրա մասին իրազեկվել եք։ Ասում են՝ կնքվեց Արցախի լուծարման հրամանագիրը։ Այո, անհավասար պատերազմում Արցախը մեկ օրում Ադրբեջանին 4 անգամ ավելի շատ զոհ պատճառեց, քան 44-օրյա պատերազմի միջինում, Արցախի մենակ մնացած բանակը։ Արցախի բանակը մենակ էր մնացել աշխարհում միակ ուժի կողմից, որն ուներ սահմանադրական պարտականություն՝ պաշտպանելու եւ Արցախի կողքին կանգնելու։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այո, մենակ մնալով, 9 ամիս սոված մնալով, այն պայմաններում, երբ զինվորին արդեն իր օրվա բաժնի կեսը չէր հասնում, եղավ այն աղետը, որը եղավ, ստորագրվեց այդ փաստաթուղթը, որով ոչ մեկը չի հպարտանում։ Եվ առաջին հնարավորության դեպքում չեղարկվեց։ Այն սուտը, որն այստեղից հնչում է, չգիտեմ՝ դուք ում եք մեղադրում, ասում եք՝ դաշնակցականների կողմից։ Ո՞ր մեկն էր դաշնակցական, Սամվել Շահրամանյանը երբեք չի եղել դաշնակցական, դաշնակցական է Դավիթ Իշխանյանը։ Եվ եթե մի քիչ մարդ լինեիք, էլ չասեմ՝ եթե հայ լինեիք, այդ մարդու անունը, որը հիմա Բաքվի բանտում է գտնվում, այդպես չէիք շահարկի», – ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նա անդրադարձավ նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հասցեին հնչող հայտարարություններին․ «Ձեւ եք գտել, տասնյակ հազարավոր մարդկանց ԿԳԲ-ի շպիոն եք անվանում։ Ժողովուրդ, մոռացե՞լ եք, որ իշխանություն եք։ Ո՞վ չգիտի դատախազության տեղը, եկեք այս նիստից հետո իրար հետ գնանք, այդ շպիոնների ցանկը, եթե ունեք, հանցագործության մասին հաղորդում տվեք։ Տեղը չգիտեք, թե՞ փաստ չունեք։ Քանի՞ գործ կա հարուցված շպիոնաժի հոդվածով, զրո։ Եվ այս պատմության ամենահետաքրքիրն այն է, որ շպիոնությունից է խոսում մի ուժ, որի ղեկավարին նվիրված երգ կա Ադրբեջանում։ Թուրքերը Լոս Անջելեսում հավաքի ժամանակ «Փաշինյան» են վանկարկում։ Թուրքիայից 2021 թվականին ինձ պաշտպանող հայտարարություն չի եղել, որ անթույլատրելի է իշխանափոխությունը, ձեզ պաշտպանող հայտարարություն է եղել։ Եթե հիմա ձեր հենարանը դարձել են Թուրքիան ու Ադրբեջանը, ի՞նչ շպիոնաժից եք խոսում, գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին»։

«Դուք չորս տարվա ընթացքում «խաղաղություն» բառն ամենաշատն օգտագործած ու չարչրկած ուժն եք եւ այն ուժն եք, որի օրոք եղել են ամենաշատ հարձակումները Հայաստանի վրա։ Դուք ո՞նց կկարողանաք անվտանգությունն ապահովել», – հայտարարեց Քրիստինե Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031