«Այստեղ արցախցու, իջեւանցու, գյումրեցու, երեւանցու կռիվ չէ, հայի կռիվ է: Լինել-չլինելու հարց է, սա ոչ թե հույս է վաղվա, այլ հավատն է ու վստահությունն է, ինչո՞ւ չէ, վերադառնալու նաեւ Արցախ, որովհետեւ անկախ իշխանություններից` մենք ունենալու ենք միշտ նույն պահանջը՝ արցախցիների իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում: Բագրատ Սրբազանի այս շարժմամբ այդ հույսը դարձել է հավատ ու վստահություն»,- այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Դիտարկմանը, թե արցախցիներին մեղադրում են, թե Արցախը հանձնեցին, հիմա էլ եկել են ՀՀ-ում են պատերազմ հրահրում, պատգամավորն այսպես արձագանքեց. «Այդ նույն տրամաբանությամբ Կիրանցն էլ կիրանցիներն են հանձնում, այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել պատերազմից հետո 3- ից ավելի տարիների ընթացքում, հիմա տեղի է ունենում ՀՀ-ում, գոնե հիմա հողի վրա տեսնում ենք՝ ով է հանձնում ՀՀ հատվածներն ու տարածքները: Նույն կերպ վարվեցին Արցախի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ