ԱԺ նստաշրջանում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին։
Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասել էր՝ «Հազարավոր ոստիկաններով, ծեծ ու ջարդով երեկ պիլոտային ծրագիր իրականացրիք, «փառք ու պատվով» երեք հատ սյուն եք դրել, կողքն էլ «Ալֆա» ջոկատը նստած է։ Հաղթանդամ տղաներն այդ սյունը հսկում են, որ հանկարծ չհանեն»։
«Ես ուզում եմ հասկանալ՝ իրենք ուզում են գնալ, այդ սյունը հանե՞լ։ Ընդհանրապես Հայաստանի սահմաններին տեղադրված սյուները հեռացնելու գործողությունը թշնամական գործողություն է այդ պետության նկատմամբ։ Եվ ես հորդորում եմ, որպեսզի նա չկարծի, որ սահմանապահներն իրենից են սյուները պաշտպանում։ Իսկ եթե նա ցանկություն ունի այդ սյունը հանելու կամ իր նման էլի մարդիկ կան՝ տարբեր հագուստներով, որ ցանկանում են գնալ ու Հայաստանի սյուները հանել, մենք նման գործողություններ սպասում ենք հակառակորդի կողմից։ Կարող են ինչ-որ ձեւով ներթափանցել ադրբեջանական տարածք, հետո այնտեղից գալ, սկսել այդ սյուների դեմ կռիվ անել, սահմանապահ զորքերն էլ կպաշտպանեն Հայաստանի սահմաններն ինչպես հարկն է»,- ասաց Հակոբ Արշակյանը։
ԱԺ փոխնախագահը հավելեց․ «Մենք շատ լավ գիտենք՝ Հայաստանի սահմանազատումն ու սահմանագծումն ինչպիսի անվտանգային երաշխիքներ է բերում մեր երկրին։ Եվ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունն ապահովել։ Դա պետք է լինի ոչ միայն ռազմական, այլ նաեւ իրավական միջազգային փաստաթղթերի միջոցով»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ